Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունը ձեռնտու չէ Թուրքիային: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր Արտակ Դավթյանը՝ հավելելով. «Մյունխենում Սիրիայի աջակցության խմբի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը` մեկ շաբաթվա ընթացքում ապահովել Սիրիայի ողջ տարածքում հրադադարի ռեժիմ, վերջին շրջանում աշխարհաքաղաքական անցուդարձի դրական նորություններից մեկն է»:
«Ակնկալում ենք, որ այս պայմանավորվածությունը կվերածվի փաստաթղթի, որտեղ հրադադարի ռեժիմն ապահովող որոշ դրույթներ կլինեն: Ակնհայտ է, որ այս պայմանավորվածությունից Թուրքիան չի շահում, քանի որ, ըստ էության, Թուրքիան ներգրավված էր պատերազմական գործողություններին, ձգտում էր Սիրիայի ապակայունացմանը»,-ասաց նա
Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ Մյունխենի պայմանավորվածությունը ընդամենը մարտավարական քայլ է եւ որեւէ երկարակեցություն չի ունենա, քանի որ դա հակամարտող միայն մեկ կողմին է ձեռնտու` ռուս-սիրիական կոալիցիային:
«Իսլամիստները ընդհանրապես հետաքրքրված չեն հրադադարով, նրանց սկզբունքներից մեկը անվերջ պատերազմ վարելն է իր թշնամիների դեմ, այս առումով կարող ենք ասել, որ հրադադարը երկար չի լինի: Բացի այդ դեռ ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ Ռուսաստանին հայտնի չէ, թե որտեղ ինչ իսլամական խմբավորումներ կան եւ դժվարանում են ֆիքսել այն խմբերը, որոնք ենթակա են լինելու հրադադարին եւ պարզ է, որ այս զինադադարը սիմվոլիկ երեւույթ է»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մյունխենում Սիրիայի աջակցության խմբի հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում բռնության անհապաղ դադարեցման մասին, ինչը մեկ շաբաթից պետք է վերածվի ամբողջական հրադադարի: Ինչպես նշել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, խոսքը Սիրիայի կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ ռազմական գործողությունների դադարեցման մասին է, «Իսլամական պետություն» եւ «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին այդ հրադադարը չի վերաբերում:




























