Փաստաբան Տիգրան Հայրապետյանը կդիմի ՀՀ Արդարադատության խորհրդին ու ՀՀ նախագահին՝ պահանջելով պատժել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական ակտեր կայացրած դատավորներին:

«Դատավորներից յուրաքանչյուրը տարբեր դեպքերում յուրովի խախտել է օրենքը՝ կայացնելով նման որոշումներ: Նրանցից յուրաքանչյուրը պետք է յուրովի քրեական պատասխանատվության ենթարկվի»,- այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ ինքը դիմում է ներկայացրել 4 դատավորների վերաբերյալ: Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը, որի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել է, նրա խոսքով, օրենքի խախտմամբ է կայացրել որոշումը: Նոր հանցագործություն կատարելու հավանականության հիմքով կայացրած որոշումը, ըստ փաստաբանի, Գագիկ Խանդանյանը չի հիմնավորել, չի ասել, թե ինչ հիմք կա նման ենթադրության համար:

«Իսկ երբ վերաքննիչ բողոք ներկայացրինք, դատավոր Մելիք Սարգսյանը, մեր բերած բազմաթիվ հիմքերը հաշվի չառնելով, մերժեց բողոքը՝ նշելով միայն, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավոր չէ: Նա ոչ մի նախադասությամբ չհիմնավորեց իր այդ որոշումը»,-  ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ ամենաանհեթեթը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանի կայացրած որոշումն է, որով նա մերժել է Գեւորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակելու՝ իր միջնորդությունը:

«Այնպիսի խախտումներ է թույլ տվել, որ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողն էլ  կհասկանա ու թույլ չի տա նման կոպիտ խախտում: Մեր օրենսդրությունը մի քանի հիմքով է թույլ տալիս կալանք կիրառել: Դատավոր Գագիկը բավարարել էր քննիչի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունը՝ նշելով, Գեւորգը կարող է նոր հանցագործություն կատարել, իսկ Գայանե Մազմանյանը հենց այդ մեկ հիմքը համարեց անհիմն: Նա որոշումը հիմնավորեց մնացածներով, որոնք անհիմն էր համարել դատարանը: Ստացվում է, որ ոչ մի հիմք չի մնում Գեւորգին կալանքի տակ պահելու համար»,- ասաց փաստաբանը:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որ նախորդ օրը որոշեց մեկ ամսով երկարացնել Գեւորգ Սաֆարյանի կալանքը, որոշումը հիմնավորել է Վճռաբեկ դատարանի վճռով եւ այն ներկայացրել է այնպես, թե իրավունք ունի առանց լրացուցիչ փաստարկումների որոշում կայացնել:

«Չի անդրադարձել, թե ինչու պիտի գրավ չկիրառվի, ասել է, թե Վճռաբեկի որոշումը թույլ է տալիս չպատճառաբանել դատական ակտը: Չի մատնանշել, թե ինչ հիմքով է կոնկրետ կալանքի որոշում կիրառում: Հասկանալով, որ հիմքը լղոզված է, հրաժարվել է դատական ակտը պատճառաբանելուց»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: