ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը դատարկաբանություն համարողները պետք է հասկանան, որ մի օր էլ իրենք են գնալու համագործակցության: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի հետ իրենց համագործակցության մասին ՀԱԿ-ի հայտարարությանը: 

«ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը քաղաքական համաձայնագիր է, հնարավոր է, որ հնչեն տարբեր քննադատություններ: Դատարկախոսները, որոնք դատարկաբանություն են համարում համաձայնագիրը, պետք է իմանան, որ տարիների ընթացքում պետք է համագործակցության գան»,-ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ եթե նախկինում համագործակցությունը կուլիսային էր, այժմ այն բացահայտ է:

NEWS.am-ի հարցին, թե ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը քննադատող ուժերը պետք է իշանության հետ համագործակցե՞ն, նա նշեց, որ առհասարակ է ասում: «Համագործակցություն ասելով պորտֆելներ են հասկանում, բայց համագործակցությունը պորտֆել չի նշանակում: Այն ժամանակ համագործակցությունը լինում էր կուլիսներում, հիմա արդեն բացահայտված համագործակցություն պետք է լինի: Ընդհանրապես եմ ասում, օրինակ ՄԻՊ թեկնածուն իշխանության թեկնածուն էր, բայց հավաքեց 96 ձայն, այսինքն եղել է համագործակցություն»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ խորհրդարանական համակարգի ժամանակ կհամագործակցեն նաեւ ընդդիմադիր ուժերի հետ: «Մենք տարբեր ֆորմատներով պետք է համագործակցենք ոչ միայն խորհրդարանական այլեւ արտախորհրդարանական ուժերի հետ»,-ասաց նա: 

Նշենք, որ Հայաստանի նախագահական նստավայրում փետրվարի 24-ին, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրվել է «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր» անվանումը կրող հուշագիրը: Այն ստորագրել են Արմեն Աշոտյանն ու Աղվան Վարդանյանը:

Այդ համագործակցության շրջանակներում Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաեւ Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները. մասնավորապես, Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը: