Նոր տնտեսական քաղաքականության հենքի վրա կզարգացնենք այն ծրագրերը, որոնք նախանշված են եղել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, հայտարարել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը՝ աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրան էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանան լուծում տալ մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներին: Վարչապետը բարձր է գնահատել Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ներդրումը մեր երկրի զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում կարեւոր ծրագրերը եւ բարեփոխումները լավ հիմքերի վրա են դրվել, արձանագրվել ակնառու  ձեռքբերումներ եւ նշել, որ Կարեն Ճշմարիտյանն իր գիտելիքն ու փորձը այսուհետ եւս կշարունակի ներդնել մեր երկրի հետագա զարգացման գործում:

Ներկայացնելով Արծվիկ Մինասյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նրա  ակտիվ գործունեությունը քաղաքական դաշտում բոլորին է հայտնի եւ համոզմունք է հայտնել որ պարոն Մինասյանի նշանակումն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում  կնպաստի գերատեսչության հետագա բոլոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Վարչապետը նորանշանակ նախարարին է հայտնել իր եւ կառավարության աջակցությունը եւ վստահություն հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը նախարարի գլխավորությամբ կշարունակի ակտիվ ու արդյունավետ գործունեությունը:

Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին եւ վարչապետին՝ աջակցության եւ վստահության համար, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում կարողացել են անհրաժեշտ հիմքեր ստեղծել եւ պատվով դուրս գալ մարտահրավերներից: Կարեն Ճշմարիտյանն Արծվիկ Մինասյանին մաղթել է ամենայն բարիք եւ  պատրաստակամություն հայտնել սատար կանգնելու այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են լինելու երկրի տնտեսական հիմքերի ամրապնդմանը:

 Իր հերթին, Արծվիկ Մինասյանը նշել է, որ քաղաքական հուշագրի շրջանակում երկու քաղաքական ուժերը միավորում են ջանքերը նաեւ տնտեսական քաղաքականության իրականացման գործում: Պարոն Մինասյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին, վարչապետին եւ ՀՅԴ-ին՝ աջակցության եւ վստահության համար: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է գայտնել նաեւ պարոն Ճշմարիտյանին ոչ միայն այս ընթացքում ծավալած գործունեության, այլեւ այն տարիների, երբ Հայաստանն արձանագրեց երկնիշ տնտեսական աճ: Նրա խոսքով՝ այս փոփոխությունը քաղաքական հենքի վրա է եւ ինքը վստահ է, որ պրոֆեսիոնալ թիմի հետ կկարողանան նոր տնտեսական քաղաքականության հենքի վրա զարգացնել նաեւ այն ծրագրերը, որոնք նախանշված են եղել, որովհետեւ այլեւս ՀՅԴ-ն պատախանատվություն է վերցրել նաեւ կառավարության բոլոր ծրագրերի կատարման համար: Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ կարձանագրվեն լավ արդյունքներ:

 Ամփոփելով՝ ՀՀ վարչապետը կարեւորել է Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը եւ նշել, որ այն ունի մեծ անելիք: «Կիսում եմ պարոն Ճշմարիտյանի այն մոտեցումները, որ մենք 2015 թվականին ունենցել ենք լուրջ մարտահրավերներ եւ բոլորիս ուժերի համատեղմամբ կարողացանք ունենալ նաեւ տնտեսական աճ, ի տարբերություն տարածաշրջանի երկրների, գործընկերների երկրների, որոնք ունեցան տնտեսական անկում: Իհարկե դա մեզ չի բավարարում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում ունենանք երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա բարելավել հասարակության սոցիալական վիճակը: Համոզված եմ, որ պարոն Մինասյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի՝ 2016 թվականին հաջողություններ արձանագրելու եւ մարտահրավերներին դիմակայելու համար: Քանի որ աշխարհը շատ արագ է փոփոխվում, աշխարհաքաղաքական զարգացումներն անկախատեսելի են, մենք պետք է լինենք միասնական, հանդուրժող եւ անենք հնարավորը, որպեսզի կարողանանք ապահովել մեր տնտեսության զարգացումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: