Հայաստանը պիտի անցում կատարի շրջանային կառավարման համակարգի, որտեղ կլինեն 24-26 շրջաններ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ համայնքների խոշորացման ծրագիրը չեղարկվի, նա պատասխանել է. «Վարչատարածքային բաժանման հետ կապված խնդիր կառաջանա ամբողջ օրնեսդրությունն ու հայեցակարգը փոխելու: Դեռեւս չեմ կարող ասել, թե ինչ հայեցակարգ կլինի: Մենք պիտի անցում կատարենք ավելի շրջանային կառավարման համակարգի: Թերեւս 24-26 շրջաններ, որոնց ավագանիները կընտրվեն համամասնական ընտրակարգով, եւ նրանք իրենց միջից կընտրեն շրջանային վարչակազմի ղեկավար: Տարբերակներից մեկն էլ այն է, որ համայնքներում կարող են լինել ուղղակի ընտրություններ կամ նշանակումներ»:
Նշենք, որ նախօրեին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակներում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար է նշանակվել ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանը:





























