Կառավարության գործունեության ամենակարեւոր սկզբունքներից մեկը շարունակականությունն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, հայտարարել է Տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանը՝ նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ փոխգործակցությունը հնարավորություն կտա լուծել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար եւ մաղթել բեղմնավոր աշխատանք:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Դավիթ Լոքյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նա ամեն ինչ կանի՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար եւ կնպաստի տարածքային կառավարման խնդիրների լուծմանն ու երկրի զարգացմանը:
Իր հերթին, Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին եւ վարչապետին վստահության համար եւ համոզմունք հայտնել, որ Դավիթ Լոքյանը հաջողությամբ կշարունակի ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու ծրագրերը, այդ թվում՝ համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետ իրականացումը:
Տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին, վարչապետին եւ ՀՅԴ-ին՝ վստահության համար: Դավիթ Լոքյանը նշել է՝ տեղյակ է, որ նախարարությունն անցել է բավական երկար ու արդյունավետ ճանապարհ, որը ղեկավարել են պրոֆեսիոնալներ եւ լավագույն հիմքերը դրել երկրի տարածքային զարգացման համար: Միաժամանակ պարոն Լոքյանն ընդգծել է, որ նախարարության պրոֆեսիոնալ աշխատակազմն ունակ է իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն վերցնել՝ փորձելով լուծում տալ դժվարին խնդիրներին եւ նշել, որ կառավարության գործունեության ամենակարեւոր սկզբունքներից մեկը շարունակականությունն է:





























