Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր՝ փետրվարի 25-ին, փրկարարները Սանահին-Սարահարթ փողոցի բնակարաններից մեկի հյուրասենյակի հատակին անգիտակից վիճակում հայտնաբերել են 81-ամյա տանտիրուհուն: 

Նադեժդա Գրոբյասկոյին տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն: Ընդունման պահին բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Այժմ հիվանդը վերակենդանացման բաժանմունքում է, ենթարկվում է մանրազնին հետազոտության:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ժամը 11:32-ին Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել  քաղաքացի Մկրտումյանից  այն մասին, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Անմիջապես  դեպքի վայր է մեկնել թիվ 40 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.11:54-ին: Դեպքի վայրում  աշխատել են ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցները, պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիտանյանի գլխավորությամբ: