Հայաստանում տարեցտարի աճում է ամուսնալուծությունների թիվը: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը:
«Պատճառները շատ են, բայց հիմնականներից են՝ հաշվարկվող ամուսնությունները, սոցիալական ցանցերը, ամուսնական անհավատարմությունը, բնավորությունների անհամատեղելիությունը, սեռական անհամատեղելիությունը, արտագնա աշխատանքը, երեխաներ չունենալը, ազատազրկումը, խանդը»,- ասաց Խաչատուր Մարոզյանը:
ՀԿ նախագահի խոսքով՝ եթե հոգեբանորեն նայենք, մարդիկ հիմա ավելի շատ են ամուսնալուծվում, քան տարիներ առաջ, որովեհետեւ ամուսինների միջեւ շփումներում պակասել է անկեղծությունը:
«Չկա ամուսինների միջեւ պոզիտիվ շփում: Բացասական մտքերը նստվածք են տալիս ու ոչ մի ելք չեն գտնում: Բացի այդ՝ ժամանակին մարդիկ թեկուզ անտեսանելի հույս ունեին, հիմա դա չկա: Խոսքը այն երկրի նկատմամբ հույսի մասին է, որտեղ մարդ ապրում է»,- նշեց նա:
Խաչատուր Մարոզյանի խոսքով՝ պետք է Հայաստանում ներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտը, որի շրջանակում աշխատանք կտարվի ռիսկային ընտանիքների հետ ու հոգեբանի աշխատանքի օգնությամբ հնարավոր կլինի այս խնդիրներին լուծում տալ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ նշեց, որ 2015թ. ամուսնալուծությունների թիվը 2014թ. համեմատ նվազել է՝ 4469-ից դառնալով 3669-ը:





























