2015թ. նոյեմբերի 28–ին պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած 18-ամյա ժամկետային զինծառայող Գեւորգ Խաչատրյանի հարազատները սպասում են դիակի դատաբժշկական փորձաքննությանը: Իրենց առաջնեկին ու միակ որդուն 7 ամիս առաջ ողջ ու առողջ բանակ ճանապարհած ծնողների միակ նպատակն այսօր նրան ինքնասպանության հասցրածներին կամ սպանողներին պատժված տեսնելն է:
«Սպասում ենք դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, այժմ սպասողական վիճակում ենք: Ուզում ենք, որ Գեւորգի սպանության պատճառները ինչքան հնարավոր է շուտ բացահայտվեն, քանի որ չենք հավատում, որ նա ինքնասպանության է դիմել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեւորգի հարազատներից մեկը:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` նախաքննությամբ պարզվել է, որ ողբերգությունը սկսվել է կապիտան Ոսկանյանի կազմակերպած թղթախաղից։ Կապիտանը պայման է դրել, որ պարտվողը պետք է 7 օր ճաշարանի կերակուրի ավելցուկը հավաքի եւ կերակրի զորամասի մոտ գտնվող իրեն պատկանող անասնագոմում պահվող խոզերին։ Շարքայինները պարտվել են եւ կատարել պայմանը։ Դեպքի օրը Գեւորգը հեռախոս է խնդրել ծառայակիցներից, առանձնացել է, մի քանի զանգ կատարել, հեռախոսը վերադարձրել եւ հեռացել, ինչից հետո հնչել է կրակոց, Գեւորգին գտել են կզակին ստացած հրազենի վնասվածքից մահացած։ Քննությամբ նաեւ պարզվել է, որ շարքային Հարութ Մուրադյանը բռնության է ենթարկել Գեւորգին, ծաղրել, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Կապիտան Մ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանտ Հ.Վարդեւանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), շարքայիններ Հ.Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի առաջին մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում (2 դրվագ), 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:




























