Տարեսկզբից մինչեւ հիմա դոլարը Հայաստանում «թանկացել է» գրեթե 1.8%-ով: Աճի այս ցուցանիշը բա՞րձր է, թե՞ աննշան: Համեմատության համար. Ռուսաստանում այդ ցուցանիշը 4.8% է: Տարբերությունը, կարծես, այնքան էլ զգալի չէ:

Սակայն պատկերը փոխվում է, եթե փոփոխությունները դիտարկում ենք երկարատեւ ժամանակահատվածում: Ասենք՝ որպես հիմք վերցնենք 2013 թվականի դեկտեմբերի փոխարժեքը: Այս ժամանակահատվածում Հայաստանում դոլարն ամրապնդվել է շուրջ 22%-ով (տե՛ս գրաֆիկը), իսկ ահա Ռուսաստանում՝ քիչ ավելի, գրեթե 2.2 անգամ:

Հետաքրքիր է, որ ռուսաստանցի որոշ փորձագետներ ռուբլու անկումը վերագրում են համաշխարհային դավադրությանը: Կարծիք կա նաեւ, որ հարկավոր է ֆիքսել դոլարի հանդեպ ռուբլու փոխարժեքը: Այդ դեպքում արժութային պահուստների մի մասը հնարավոր կլիներ ներդնել երկրի տնտեսության մեջ: Սրանք, իհարկե, Ռուսաստանի խնդիրներն են, բայց հետադարձ կապով հարվածում են նաեւ Հայաստանի տնտեսությանը: Ասենք՝ այդ երկիր մեր արտահանման, ինչպես նաեւ Հայաստան դրամական փոխանցումների հոսքի գծով:

Ի դեպ, շատերին կհետաքրքրի հարցը, թե հիմա ի՞նչ արժույթով է ավելի շահավետ Ռուսաստանից դրամ փոխանցել Հայաստան. ռուբլո՞վ, թե՞ դոլարով: Երկու դեպքում էլ վնասը նույնն է: Երկու տարվա ընթացքում դրամային արտահայտությամբ ե՛ւ ռուբլով, ե՛ւ դոլարով դրամական փոխանցումները կրճատվել են նույն մեծությամբ՝ 1.8 անգամ:

Դոլարի պաշտոնական փոխարժեքը մեզ մոտ սահմանվում է արժույթի բորսայում առքուվաճառքի ամենօրյա գործարքներով: Սակայն փոխարժեքի վրա ազդում են նաեւ արտաքին միտումները: Միջազգային արժութային շուկան զգայուն է արձագանքում ԱՄՆ-ի տնտեսական իրավիճակին: Միաժամանակ, հատուկ նշանակություն է տրվում ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի դրույքաչափի փոփոխություններին: Ավելի պարզ գործընթացը կարելի է այսպես ներկայացնել. հիմնարար դրույքաչափի բարձրացումը հանգեցնում է դոլարի թանկացմանը, եւ հակառակը:

Երկու տարի առաջ ԱՄՆ-ում, ելնելով երկրի տնտեսության մեջ դրական տեղաշարժերից, հայտարարեցին քանակական մեղմացումների երրորդ ծրագրի մեկնարկի մասին (QE3): ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի Բաց շուկաների հանձնաժողովը հիմնարար դրույքաչափի տոկոսադրույքը 0-0.25%-ից հասցրեց տարեկան 0.375%-ի:

Առաջին հայացքից այս չնչին փոփոխությունը կարեւոր նշանակություն ունի՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության «դոլարայնացումը»: Ամերիկյան դոլարը լայնորեն օգտագործվում է միջազգային առեւտրում (համաշխարհային շրջանառության շուրջ 80%-ը), ինչպես նաեւ բազմաթիվ երկրների ազգային բանկերի պահուստներում որպես հիմնական արժույթ:

Տեսականորեն, երկրներում դոլարի ամրապնդումը հանգեցնում է նրանց ներկրման թանկացմանը, բայց միաժամանակ խթանում է արտահանումը: Սակայն մեզ մոտ դոլարի չափազանց ամրապնդման պարագայում ավելի շուտ կարելի է ներկրվող ապրանքների թանկացում ակնկալել, քան արտահանման ծավալների աճ:

Նույն Ռուսաստանում երկնիշ գնաճը երկու հիմնական պատճառ ունի: Համեմատաբար էժան պարենամթերքի ներկրման էմբարգոյից բացի (Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից), դեր ունի նաեւ ԱՄՆ դոլարի վերանշյալ ամրապնդումը: Դա, բնականաբար, ազդել է ներկրման գների վրա:

Ներկայում Հայաստանում ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը, հետեւողականորեն ամրապնդվելով, մոտենում է 500 դրամի սահմանագծին: Իհարկե, համաշխարհային արժույթի բազմակի ամրապնդումից (ինչպես դա տեղի ունեցավ Ռուսաստանում) մեզ հսկայական տարածություն է բաժանում: Բայց արդեն հիմա որոշակի խնդիրներ են առաջանում: Ասենք՝ արտաքին պարտքի կամ կոմերցիոն բանկերին դոլարով վարկերի մարման առումով:

Սմբատ Գրիգորյան