ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ քաղաքական համաձայնագիրը հարկադիր քայլ չի եղել՝ ուղղված մեծամասնություն կազմելուն։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու է ՀՅԴ-ն ստացել նախարարական 3 պորտֆել եւ մարզպետի 2 պաշտոն, եթե այդ քաղաքական ուժը վերջին խորհրդարանական ընտրություններում դժվարությամբ էր հաղթահարել 5 տոկոսի շեմը, Զաքարյանը պատասխանեց. «Հարցն այն չէ, որ ՀՅԴ-ն կարողացել է ստանալ առավելագույնը։ ՀՅԴ-ն իր վրա պատասխանատվություն է ստանձնել կառավարել այն ոլորտները, որոնք նպատակահարմար է համարել, իհարկե ստանալով ՀՀԿ-ի համաձայնությունը։ Ի տարբերություն մյուս կոալիցիաների՝ այստեղ սկզբունքային համաձայնագիրը կայանում է նրանում, որ անկախ մասնակցության աստիճանից՝ մեր գործընկերն իր վրա պատասխանատվություն է ստանձնում։ Այսինքն՝ ՀՅԴ-ն պատասխանատու է նաեւ տրանսպորտի եւ սոցիալական ոլորտների համար այնպես, ինչպես ՀՀԿ-ն կրթության եւ տարածքային կառավարման»։





























