Ուռճացված ընտրացուցակների մաքրման արդյունավետ մեխանիզմը մի քանի տարի է գործում է Վրաստանում, ինչն հանգիստ կարել է կիրառել նաեւ Հայաստանում: Այս  մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար  Արամ Մանուկյանը, որը  վերջին օրերին այս փորձի ուսումնասիրման նպատակով գտնվում էր Վրաստանում:

«Վրացիներն ընտրացուցակների մաքրման գործընթացն սկսել են 2011 թվականին, Սահակաշվիլիի հրամանագրով ստեղծվել է հանձնաժողով, որը մի քանի  ամսվա աշխատանքի արդյունքում շուրջ 400 հազար քաղաքացի հանել է ընտրացուցակներից, որոնք չեն գտնվել Վրաստանում: Մինչ այդ ընտրացուցակներում  գտնվել է 3,5 միլիոն մարդ: 11 հազար մարդ է ներգրավվել  մաքրման աշխատանքներում եւ այդ աշխատանքի արդյունքում ոչ միայն ուռճացված ցուցակների հարցն է լուծվել, այլ քաղաքացիների վստահությունն է բարձրացել ընտրական գործընթացների նկատմամբ»,-ասաց Արամ Մանուկյանը:

Ընդդիմադիր գործիչը մանրամասն ներկայացրեց ցուցակների մաքրման վրաստանյան մոդելը, որը հեշտությամբ հնարավոր է ներդնել մեր երկրում ընդամենը մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում: Վրաստանում ընդդիմադիր եւ իշխանական ուժերի համատեղ ջանքերով ստեղծել են հանձնաժողով եւ միջազգային կառույցների հովանավորությամբ ու աջակցությամբ հասել հաջողության:

Առաջին բանը, որ զարմացրել էր Մանուկյանին, այն էր, որ ցուցակներն ընտրողների նկարներով են, ինչը ըստ նրա` լրջագույն վստահության երաշխիք է: Բացի դա` ֆինանսական միջոցներ չի պահանջում: 

«Այդ աշխատանքին լծված 11 հազար մարդ շրջել է  տուն առ տուն եւ հայտնաբերել, որ 380 հազար մարդ գտնվում է արտասահմանում, բայց  ցուցակներում առկա է նրանց անունը: Այս մարդկանց անունները հանել առանձնացրել են: Երկու փուլով  է եղել գործթընացը: Առաջին անգամ հանել են հարյուր հազարավոր անունները, որոնք դրսում են եւ կազմել առանձին ցուցակ: Մենք էլ  սկզբում ուզում էինք այդպես անել. երկու ցուցակ ստեղծել է` ՀՀ-ում գտնվող  ընտրողների ցուցակը եւ  արտասահմանում գտնվող, ընտրելու իրավունք ունեցողների ցուցակ: Իրենք էլ  այդպես երկու ցուցակ են ստեղծել: Ընտրատեղամասում առանձնացրել սեղանները: Մեկ առանձին սեղանի  եւ առանձին դիտորդների ներկայությամբ տեղի է ունեցել այն մարդկանց քվեարկությունը, որոնք վերադարձել են այդ ժամանակ արտասահմանից»,-ընդգծեց Մանուկյանը՝ հավելելով, որ հետագայում ընտրացուցակներում ավելացրել են սյունակ, որը կոչվում է արտասահմանում գտնվողների սյունակ: Այսինքն` սյունակում առանձին այն մարդկանց  ցուցակն է, որոնք Վրաստանում չեն գտնվել բայց միաժամանակ  օգտվել են ընտրության հնարավորությունից:

Արամ Մանուկյանն ընդգծեց, որ այս մոդելով չի խախտվում որեւէ ընտրողի իրավունքը, այն արդյունավետ է եւ դրա շուրջ պետք է համախմբվեն  քաղաքական ու քաղաքացիական ուժերը, ինչի արդյունքում հնարավոր է հասնել հաջողության:

NEWS.am-ի հարցին, իր կարծիքով իշխանությունները տեղյակ չե՞ն այս մոդելից, նա պատասխանեց.  «Այն օրը, որ մենք Վրաստանում էինք,  նույն օրը  Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում էր գտնվում  ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչը, կարծում եմ`  մինչեւ հիմա առաջարկող չի եղել: Մենք  ուզում ենք ներգրավել քաղաքական ու քաղաքացիական ուժերի, դիտորդների: Ուժերի համախմբման  դեպքում կարող է ռեզոնանս առաջանալ եւ  իշխանությունը գնա ընդառաջ»:

 Նշենք, որ վրացի գործընկերները խոստացել են ընդդիմադիրներին այդ համակարգի ներդրման դեպքում անձամբ գալ եւ աջակցել: