Երեւանի բյուջեի հոդվածները պետք է հասկանալի լինեն մեր համաքաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն ընդգծել է թափանցիկ գործելաոճով աշխատանքի շարունակականության ապահովման կարեւորությունը եւ հավելել, որ ֆինանսական մասով քաղաքապետարանի գործունեությունը պետք է հավուր պատշաճի ներկայացվի հանրությանը՝ մշտապես պարզաբանումներ տրամադրելով ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այնպես էլ բնակիչներին՝ լինի դա բանավոր, գրավոր կամ սոցիալական ցանցերում բարձրացված հարց:
«Այս մասով շատ անելիքներ կան: Բյուջեի հոդվածները պետք է հասկանալի լինեն մեր համաքաղաքացիներին: Խոսեք մարդկանց հետ, բացատրեք ու պարզաբանեք մեր գործողությունները: Քաղաքային բյուջեն ոչ միայն պետք է նպատակային բաշխել ու առավելագույն արդյունքներ արձանագրել, այլեւ քաղաքացիներին է պետք տեղեկացնել, որ բյուջեն արդյունավետ է բաշխվում եւ ոչ մի շեղում թույլ չի տրվում», - ասել է քաղաքապետը եւ հավելել, որ էլեկտրոնային բյուջեի հրապարակմամբ, արդյունքների ներկայացմամբ պետք չէ բավարարվել, այլ պետք է ապահովել լրացուցիչ հրապարակայնություն՝ հանրային միջոցառումների, զեկույցների եւ լրատվական հրապարակումների տեսքով:
«Մեր համաքաղաքացիների համար քաղաքապետարանի ֆինանսական գործունեությունը բնական է, որ այնքան էլ ընկալելի չէ: Մարդիկ չգիտեն եւ պարտավոր չեն ֆինանսական կառավարման գիտելիքներ ունենալ: Ու մե՛նք պետք է ամենապարզ ու հասկանալի բառերով ներկայացնենք մեր մոտեցումները: Մեր համաքաղաքացիները պետք է վստահ լինեն, որ հարկատուների հաշվին գոյացած բյուջեի ամեն մի լուման ուղղվում է առկա խնդիրների կարգավորմանն ու մեր բնակիչների բեռի թեթեւացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով վարչությունների գործառույթներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել Երեւան քաղաքի բյուջեի եկամուտների եւ ծախսերի կատարմանն ու բյուջեից հատկացված միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործմանը: Նա հորդորել է լինել հետեւողական ու պահանջկոտ, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացվել են հանրությանը:





























