Պարզապես զարմանալի է, որ այնպիսի հեղինակավոր պարբերական, ինչպիսին Forbes-ն է, հսկայական քանակությամբ հակասություններով եւ բացահայտ անգրագետ պնդումներով հոդված է հրապարակել: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Forbes-ում հրապարակված Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան Ադամ Էրելիի հոդվածը:

«Ես չեմ խոսում Հայաստանի, Ռուսաստանի կամ Թուրքիայի քաղաքականության մասին այդ պարոնի տեղեկացվածության աստիճանի մասին: Բայց ԱՄՆ քաղաքականության մասին, ամեն դեպքում, պետք է ավելի լավ իմանար: Սակայն հոդվածում ծայրաստիճան թերի գիտելիք է ցուցադրվում սեփական երկրի քաղաքականության մասին: Կցանկանայի հիշեցնել Ադամ Էրելիին, որ միայն վերջին երկու շաբաթներին Վաշինգտոնը երկու անգամ Անկարայից պահանջել է դադարեցնել քրդերին գնդակոծել: Դա կասկածի տակ է դնում Թուրքիայի հետ ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության մասին հոդվածի հեղինակի պնդումները: Ե՞րբ է Թուրքիան «ՆԱՏՕ-ի սիրտը» դարձել: Թուրքիան ակտիվորեն սատարում է ԻԼԻՊ-ին, ինչը մեխանիկորեն նրան հանում է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական արշավի ակտիվ մասնակիցների կազմից»,- հիշեցրեց փորձագետը:

«Այնուհետեւ հեղինակը տարածաշրջանային գործընթացների իմացության տարրական անգիտություն է ցուցադրում: Այսպես, խոսվում է Հայաստանում ռուսական երկու բազայի առկայության մասին: Իրականում միայն մեկ բազա կա: Հեղինակը զարմանքով գրում է, որ «Ռուսաստանը Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության մասին գաղտնի պայմանագիր է ստորագրել»: Սակայն միասնական ՀՕՊ համակարգը գոյություն ունի վաղուց: Եվ այսպիսի օրինակները բազմաթիվ են: Զարմանալիորեն անլուրջ հոդված է»,- փաստեց Արկադի Գրիգորյանը:

Նշենք, որ նշված հոդվածի հեղինակի հիմնական գաղափարն այն է, որ «ՆԱՏՕ-ն կարող է Թուրքիայում ռազմական բազաներ ունենալ, իսկ Ռուսաստանը Հայաստանում չի կարող եւ իրավունք չունի»: