Պետությունը տուրք չի տալիս Հայաստանի էներգետիկական ընկերությունների ախորժակներին: Այդ մասին փետրվարի 25-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` ներկայացնելով ՀԾԿՀ-ի աշխատանքի 2016 թվականի ծրագիրը:  

Նա նշել է, որ բացառությամբ «Հայաստանի Էլեկտրացանցերի», մնացած էներգետիկական ընկերությունների սակագների մեջ ներառվում է մինչեւ հարկումը  10 տոկոս շահութաբերության նորմը (այսինքն  հարկերը հանելուց հետո` 8 տոկոս):  «Հայաստանի Էլցանցերի» դեպքում   հարկումից հետո  այն 14 տոկոս է կազմում, եւ դա սահմանված է դեռեւս սեփականաշնորհման օրենսդրությամբ: Հաշվարկի հիմք են ծառայում կապիտալացված ծախսերը: Այսպիսով` ՀԾԿՀ-ի համար կարեւոր չէ, թե որտեղից է ներդրողը գումար ներդնում` փոխառված, թե սեփական միջոցներից:   «Եթե բարձր տոկոսով վարկ է վերցրել, նրա կամքն է, բայց նա պիտի տեղավորվի մեր նորմատիվներում», - պարզաբանել է Նազարյանը: Միաժամանակ ներդրումները չեն կարող ներառվել սակագնում, քանի դեռ դրանց վերաբերյալ ընդունման ակտ չի ստորագրվել: Դրանից հետո ՀԾԿՀ-ն պիտի ստուգի դրանց հիմնավորվածությունը: «Ուզում եմ հիշեցնել այն, ինչի մասին բազմիցս հիշատակվել է: 2008 – 15-ին «Հայաստանի Էլեկտրացանցերը»   102,5 մլրդ դրամ են ներդրել (ընթացիկ փոխարժեքով մոտ 207 մլն դոլար, խմբ): Դրանից մենք չենք ընդունել 22,4 մլրդը, որոնք կամ նպատակին չեն ծառայել, կամ էլ ուղղվել են շուկայականից բարձր գներով գնումներ կատարելու», - հավելել է Ռոբերտ Նազարյանը: