Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչները չեն կարողանում իրացնել մի քանի հարյուր տոննա հաճարի եւ ցորենի բերքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Խնձորեսկի համայնքապետ Սերյոժա Հայրապետյանը:
«Արդեն մարտ ամիսն է գալիս, 3-4 ամսից նոր բերք կլինի, բայց հինը դեռ չի վաճառվել»,- ասաց համայնքապետը:
Գյուղապետը նշեց, որ բերքը չի իրացվում մի քանի պատճառներով: Գլխավոր պատճառը, ըստ գյուղապետի, այն է, որ նույն հացահատիկը արտասահմանից Հայաստան է ներկրվում ավելի էժան գնով:
«Մեր բնակլիմայական պայմաններն էնպիսին են, որ եթե Ռուսաստանում, Ուկրաինայում նույն գործն են անում, եռակի անգամ շատ բերք են ստանում, քան մենք, դրա համար էլ էնտեղից ներկրված բերքն ավելի էժան է վաճառվում»,- ասաց Սերյոժա Հայրապետյանը:
Գյուղապետի խոսքով՝ բերքը չիրացվելու պատճառներից մեկն էլ այն է, որ նախորդ տարի Խնձորեսկում բերքն ավելի առատ է եղել: Այս հարցում իրենց «ներդրում են ունեցել» նաեւ գյուղացիներին Կառավարության կողմից տրամադրված էժան պարարտանյութը: Վերջինները նպաստել են բերքատվության բարձրացմանը, սակայն բերքի իրացման հարցում չեն օգնել: Գյուղապետի խոսքով, մոտ ապագայում չվաճառվելու դեպքում, հաճարին ու ցորենին կարող են անասնակեր դառնալ:
Այն խնձորեսկցիները, ովքեր հաջողացրել են վաճառել բերքը, բախվել են այլ խնդրի: Ըստ Սերյոժա Հայրապետյանի՝ 2015թ. հացահատիկը վաճառվել է շատ ավելի էժան գնով, քան նախորդ տարիներին:
«Եթե գարին նախկինում վաճառվում էր 140-150 դրամով, ապա նախորդ տարի` 90-100 դրամով»,- նշեց գյուղապետը:
Խնձորեսկում, որտեղ գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն ու դաշտավարությունն են, հացահատկի գնի այսպիսի նվազումը իր բացասական հետեւանքներն է ունեցել:




























