«Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան տեղափոխված եւ 18 օրվա կոմայից հետո մահացած 5-ամյա Էրիկ Ամիրխանյանի գործով մեղադրյալ, «Արմավիր» ԲԿ բժշկուհի Անահիտ Պետրոսյանն այսօր՝ փետրվարի 25-ին, դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Գարիկ Գալիկյանը, որն այսուհետեւ դատարանում կներկայացնի տուժող կողմին:

Փաստաբանը նշեց, որ այսօրվա դատական նիստին որոշվել է ապացույցների հետազոտման կարգը, մյուս նիստին կհարցաքննվի տուժողի իրավահաջորդը:

Նշենք, որ Անահիտ Պետրոսյանը պնդում է, որ երեխան ի ծնե հիվանդ է եղել, առողջական տարբեր խնդիրներ ունեցել, ինքը նրա մահվան մեջ մեղավոր չի:

Նշենք, որ մայրը նույնպես երեխայի մահվան մեղավոր է համարում Անահիտ Պետրոսյանին: Երեխայի մոր խոսքով` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել:

Նշենք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Նույն բժիշկը նույն մեղարանքով անցնում է նաեւ մեկ այլ` ջրաշենցի 4-ամյա աղջկա մահվան գործով։