Արմավիրի հիվանդանոցում 2015թ. հունիսին մահացած 4-ամյա Կարինեի եւ նույն օրը նույն հիվանդանոց ընդունված ու օրեր անց մահացած նորապատցի 5-ամյա Էրիկի գործերը, ամենայն հավանականությամբ, դատարանը միասին կքննի:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նորապատցի փոքրիկի գործով դատական նիստին փետրվարի 25-ին դատախազը նման միջնորդություն է ներկայացրել: Նույն գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես կողմ է դրան, քանի որ երկու գործերում էլ նույն բժշկուհին է մեղադրյալի կարգավիճակում: 

«Այդպես ավելի արդյունավետ կլինի, եթե երկու գործերը միասին քննվեն: Երկու երեխաներն էլ նույն օրն են ընդունվել, երկու գործով էլ նույն մեղադրյալն է»,- ասաց փաստաբանը:

Դատարանը դեռ որոշում չի կայացրել:

Նշենք, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը երկու գործերով էլ մեղադրվում է մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելու մեջ: Երկու դեպքում էլ բժշկուհին իր մեղավորությունը չի ընդունում:

Ջրաշենցի երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել: Մահվան մեջ երեխայի հարազատները բժշկուհուն են մեղադրում:

Նորապատցի երեխան հունիսի 16-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մայրը մահվան մեղավոր է համարում Անահիտ Պետրոսյանին: Նրա խոսքով` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել: