Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հորդորում է շտապողականությամբ չօգտագործել «քաղբանտարկյալ» տերմինը։
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հերմինե Նաղդալյանը խոսել է կալանավայրում խոշտանգումների ենթարկվող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասին։ «Կհորդորեի այդքան շտապողականությամբ չօգտագործել «քաղաքական բանտարկյալ» տերմինը։ Քանի որ դա երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող տերմին է, եւ չէի ուզենա, որ մեր երկիրը համեմատեինք ուրիշ երկրների հետ։ Կարծում եմ՝ հասկանում եք, թե ակնարկս ուր է գնում»,- ասել է նա՝ ակնակելով հարեւան Ադրբեջանը. «Տեսնելով, թե մեր հարեւան երկրներում ինչ է կատարվում, չէի ցանկանա, որ ամեն առանձին դեպք ներկայացնեինք որպես քաղաքական»։
Ավելին, Նաղդալյանը պնդում է, թե Գասպարիի դեպքը քաղաքական չէ, իրավական է, այն էլ տեւական ժամանակ շարունակվել է։
ԱԺ փոխնախագահի խոսքով, ԳՄ նիստում քննարկել են կոալիցիայի շրջանակներում ՀՅԴ-ի հետ աշխատելու սկզբունքները։ «Մենք նախեւառաջ պայմանավորվել ենք, որ պատրաստ ենք ականջալուր լինել իրար տեսակետներին, անգամ հակասություն ունենալու դեպքում քննարկումներ անել եւ գալ ընդհանուր հայտարարի։ Ամենակարեւորը խնդիրը՝ հանրային կյանքի խնդիրները ընդհանուր պատրաստակամությամբ եւ պատասխանատվությամբ լուծելն է»,- նշել է նա։
ԳՄ նիստում խոսվել է նաեւ արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանի մասին, ըստ Նաղդալյանի, Աշոտյանն առաջիկա մեկ տարվա ընթացքում կուսակցությունում լուրջ գործեր ունի անելու։































