Վանաձորում փետրվարի 23-ին կենդանիների կողմից հոշոտված հայտնաբերված կնոջ դիակի ինքնությունը պարզվել է:
NEWS.am-ի տեղեկություններով` իրականացվել է դիակի ճանաչում, որով եւ հաստատվել է, որ նա հունվարից որպես անհետ կորած, Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 53-ամյա Տատյանա Ա.-ն է: Դիակի ճանաչմանը մասնակցել է վերջինիս աղջիկը, որը եւ հաստատել է, որ մահացածը իր մայրն է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանության մեր աղբյուրները:
Մայր ու աղջիկ ապրել են միասին, Տատյանան դեկտեմբերի կեսերին տանից դուրս էր եկել եւ չէր վերադարձել: Աղջիկը, սակայն, մոր անհետ կորելու մասին հայտարարություն ոստիկանությունում տվել էր հունվարի կեսերին:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին, ժամը 17:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի երկաթուղայինների կայարանի մոտակայքում՝փոսի մեջ, հայտնաբերվել էր կնոջ դիակ՝ գլխի, դեմքի, որովայնի, կոնքի եւ աջ ոտքի վնասվածքներով: Ականատեսների փոխանցամբ՝ կնոջ մարմինը հոշոտված է եղել կենդանիների կողմից:





























