Ամենայն հավանականությամբ ժամանակի ընթացքում ՀՀԿ 2 նախկին նախարարները նոր առաջարկներ կստանան։ Այս մասին փետրվարի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանի եւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնաթողությանը։

«Նրանք փորձառու եւ ընդունակ մարդիկ են, եւ, անկասկած, կարող են հաջողությամբ աշխատել այլ պաշտոններում։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նրանք տարբեր ոլորտներից առաջարկներ կստանան։ Մեր կուսակցությունը դեռեւս չի քննարկել այդ հարցը»,- հավելել է Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի  միջեւ «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր» էր ստորագրվել, որ շրջանակներում ՀՅԴ-ն 3 նախարարական պորտֆել եւ 2 մարզպետի պաշտոն է ստացել։