ՀՀԿ խմբակցության անդամ Հեղինե Նաղդալյանը հանդես է եկել հոդվածով, որում անդրադարձել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից ադրբեջանական հայտնի բանաձեւի հետ վերցնելուն եւ հատկապես հայկական դիվանագիտության հանդեպ հնչող մեղադրանքներին: Ներկայացնում ենք մի հատված հոդվածից.
«Ոմանց համար վատ լուր իմանալուց ավելի մեծ սփոփանք չկա: Նրանք կանխատեսում էին նման վատ լուր ՄԱԿ-ում սեպտեմբերի 9-ին: Որոշները մինչեւ սեպտեմբերի 9-ը նշում էին, թե «իշխանությունը ի վիճակի չէ հակադարձել Ադրբեջանի ձեռնարկած հարձակմանը», մեկ այլ գործիչ էլ նշել էր, թե ԱԳՆ «հայտարարություններից բացի, ոչինչ չի արվում, մինչդեռ հարկավոր է դիվանագիտական նոտա հղել ՄԱԿ-ին»: Ակնհայտ է, որ նա որեւէ պատկերացում չունի, թե ինչ է նշանակում «դիվանագիտական նոտա»: Նրանք, ովքեր փորձում են մեր արտաքին քաղաքականությունը քննադատել, նախընտրում են անտեսել ՄԽ համանախագահների հայտարարությունների տեքստերի ձեւակերպումները վերջին տարիների ընթացքում:
Բավարարվենք միայն վերհիշելով, որ ամենաբարձր մակարդակով նշվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ դրույթների ամբողջականության եւ միասնականության մասին որպես հակամարտության կարգավորման հիմք: Խոսքն այն մասին է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պակաս նշանակություն չունի տարածքային ամբողջականության իրավունքից: Եթե, ինչպես մի քննադատ է նշում, «Հայաստանում չունենք արտգործնախարարություն», ապա ինչպե՞ս են առաջանում այս եւ մեզ օգտակար այլ ձեւակերպումները: Մարդ կարող է չհավատալ իշխանության ներկայացուցիչներին, բայց հալած յուղի տեղ ընդունել ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, վստահել ադրբեջանական քարոզչությանը, դա արդեն ճաշակի հարց է: Որեւէ մեկն իրեն իրավունք չի վերագրում բժշկին կամ մաթեմատիկոսին ուղղություն տալ, սակայն մեզ մոտ դիվանագիտությունից, կարծես թե բոլորն են հասկանում, տիրապետում են նրբություններին այնչափ, որ խորհուրդ են տալիս գեթ մեկ «նոտա հղել ՄԱԿ-ին»: Այս կրքոտ քննադատների մի մասն էլ դիվանագիտությունից այնքան հեռու են, որքան Հունաստանում գտնվող Լարիսա քաղաքը հայկական Ալավերդիից: Որքան օգտակար քննադատություն լինի, այնքան լավ` որոշումներ կայացնողների եւ այդ որոշումներն իրականացնողների համար: Սակայն ցանկացած քննադատություն հնչեցնելիս, պետք է հիշել, հասկանալ եւ մտածել, որպեսզի դա չդառնա քննադատություն հանուն քննադատության»:




























