Անհրաժեշտության դեպքում ԱԺ պատգամավորները կայցելեն կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք ծանոթացել ենք գործի նյութերին, որոնք ներկայացրել են Արդարադատության նախարարությունն ու իրավապահ մարմինները: Կհետեւենք իրադարձությունների զարգացմանը եւ անհրաժեշտության դեպքում կարող ենք նաեւ այցելել քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում է Գասպարին, եւ զրուցել նրա հետ»,-ասել է Բաղդասարյանը:

Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ահազանգել էր, որ իրեն խցակիցները բռնությունների են ենթարկում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այս առնչությամբ հայտարարել էր, որ նման բան չկա, Վարդգես Գասպարին ինքն է վատացրել հարաբերությունները խցակիցների հետ, երբ կալանավայրում պառկել է գետնին:

Ահազանգից հետո Մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր գլխավոր դատախազին ու առաջարկել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գործընթաց սկսել: Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՀՔԾ-ին հանձնարարել է նյութեր նախապատրաստել Գասպարին բռնությունների ենթարկելու վերաբերյալ:

Բացի այդ, նախօրեին ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոփոխելու միջնորդություն ներկայացնելու համար: Ստորագրությանը միացել է 32 պատգամավոր: