Եթե ինչ-որ մեկին բանտում ծեծել են, դա դեռ չի նշանակում, որ նրան պետք է քաղբանտարկյալ համարել։ Այս մասին փետրվարի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ակտիվիստ Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե ոչ։

Ռուստամյանի խոսքով՝ նման իրավիճակների կապակցությամբ կան միջազգային չափանիշներ, որոնք կախված են որեւէ մեկի կարծիքից։ Առավել ընդունված են խոշտանգումների նախազգուշացման եւ անմարդկային վերաբերմունքի եվրոպական հանձնաժողովի չափանիշները։ Այս եւ այլ չափանիշներով մշտադիտարկումը կարող է անաչառ կերպով պատասխանել այդ հարցին։ «Իսկ եթե խոսենք խցում ծեծելու մասին, ապա մշտադիտարկումը պետք է պարզի, թե ով է ծեծել եւ ինչի համար։ Մեկ բան է, երբ ծեծել են հարցաքննելիս, եւ այլ բան, երբ ծեծել են խցում կենցաղային հողի  վրա։ Ես ինքս մոտ 3 տարի բանտում եմ եղել։ Քանի նման դեպք է եղել... Քրեական աշխարհ է»,- ասել է Ռուստամյանը։