Արտաշատի բժշկական կենտրոնից հունվարի 30-ին ծայրահեղ ծանր վիճակում Երեւան տեղափոխված եւ 7 օր անց մահացած նորածնի հայրը՝ Մակար Անտոնյանը, չի բացառում, որ «ներողամիտ» կլինի այն բժշկուհու նկատմամբ, որին մեղադրում է իր երեխայի մահվան մեջ:

«Մանկաբարձ-գինեկոլոգը՝ Կարինե Հովհաննիսյանը, ընդունել է նաեւ իմ կրտսեր դստեր ծնունդը: Բացի դրանից, շատ այլ ծանր ծննդաբերություններ է ընդունել, երեխաների է փրկել: Այնպես որ հնարավոր է, որ գան, հանդիպեն մեզ, ես ներողամիտ լինեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մակար Անտոնյանը:

Նշենք, որ դեպքի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:

Նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Այգեստան համայնքի բնակչուհի 30-ամյա Սիմա Եփրեմյանը ծննդաբերել է 2016թ. հունվարի 30-ին: Երեխային նույն օրը տեղափոխվել է Երեւան, իսկ 7 օր անց մահացել: Նորածնի հայրը՝ Մակար Անտոնյանը, պնդում է, որ երեխայի մահվան պատճառը բժշկական սխալն է եղել: Հոր խոսքով, բժիշկները տեղյակ են եղել, որ պտղի դիրքը տոտիկային է եղել եւ պետք էր կեսարյան հատում անել, սակայն հերթապահ բժիշկն այլ որոշում է կայացնում:

«Արտաշատի հիվանդանոցի բժիշկները երեխուս կյանքը կերան: Ամսի 30-ին ծնվել է երեխաս, ժամեր անց Երեւան ենք տեղափոխել եւ 7 օր անց տղաս մահացավ... պորտալարն էր փաթաթված, գլխուղեղի վնասվածք էր ստացել եւ ամբողջը բժիշկների պատճառով»,- ասել էր Մակար Անտոնյանը:

Ըստ երեխայի հոր՝ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնի է դարձել, որ երեխան ունեցել է ողնաշարի կոտրվածք եւ ուղեղի այտուց: