Փաստաբան Արա Զախարյանի պատճառով է, որ ազատամարտիկ, խարդախության համար 6,5 տարի ազատազրկման դատապարտված Վոլոդյա  Ավետիսյանի բողոքը չի հասել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին այսօր` փետրվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

«Վոլոդյայի կնոջը, ընտանիքին եւ մեզ ասել էր, որ արդեն դիմել է ու սպասում է պատասխանի, բայց վերջում բազմաթիվ պնդումներից հետո ստիպված եղավ խոստովանել, որ չի դիմել: Արդեն գումարը վերադարձրել է, ինքն այլեւս Վոլոդյայի փաստաբանը չէ, այլ փաստաբաններ են զբաղվում այս գործով, բայց դեռ չենք ուզում հրապարակել նրանց անունները»,-ասաց նա:

Գագիկ Սարուխանյանը նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանի գործով բողոքը հասնի  Մարդու իրավունքների եվրոպական դատարան` արդարությունը վերականգնելու համար:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ուղիներ գտնենք գործը ՄԻԵԴ հասցնելու համար»,-ասաց Սարուխանյանը:

Գագիկ Սարուխանյանի խոսքով`Վոլոդյա Ավետիսյանի առողջական վիճակն այժմ լավ է, նա իրեն համեմատաբար ավելի լավ է զգում:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: