Երեւանի բնակիչ Վահան Այվազյանը մեղադրվում է ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի եւ վերջինիս ընկերոջ՝ Էդգար Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ համապատասխանաբար` ծանր եւ միջին ծանրության վնաս պատճառելու մեջ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ 2015թ. հուլիսի 18-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի 6-րդ շենքի շրջակայքում, ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանի, նրա ընկերոջ` Էդգար Սարգսյանի եւ Սուրեն Մանուկյանի հարեւաններ` Արթուր Այվազյանի, նրա որդու` Վահան Այվազյանի միջեւ: Վիճաբանությունից հետո Այվազյանները հեռացել են, սակայն կարճ ժամանակ անց Վահան Այվազյանը վերադարձել է, Սուրեն Մանուկյանին եւ Էդգար Սարգսյանին առաջարկել է շարունակել զրույցը, որը կրկին վերածվել է վիճաբանության ու կռվի, որի ընթացքում Վահան Այվազյանն իր մոտ գտնված ծակող-կտրող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Սուրեն Մանուկյանին եւ Էդգար Սարգսյանին` առաջինի առողջությանը պատճառելով ծանր, իսկ երկրորդի առողջությանը` միջին ծանրության վնաս:
Մարմնական վնասվածքներ ստանալուց հետո Սուրեն Մանուկյանը եւ Էդգար Սարգսյանը դիմել են «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատությունների, իսկ Վահան Այվազյանը դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, շուրջ երեք ամիս գտնվել հետախուզման մեջ եւ թաքնվել քննությունից, որից հետո 2015թ. հոկտեմբերի 27-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրանակացնող մարմին:
Դիտավորությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի եւ Էդգար Սարգսյանի առողջությանը համապատասխանաբար` ծանր եւ միջին ծանրության վնաս պատճառելու հանցավոր արարքների համար Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 1-ին մասով, եւ վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:





























