Եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշի աշխուժացնել իր մասնակցությունը քաղաքական կյանքին, ՀՅԴ-ն միայն կողջունի այդ որոշումը: Այս մասին փետրվարի 26-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, իր կուսակցությունը մինչեւ հիմա լավ հարաբերություններ է պահպանում Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեսակետն այն մասին, որ ՀՅԴ-ն միավորվել է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության հետ, որպեսզի փակի Քոչարյանի ճանապարհը, Ռուստամյանն անհեթեթություն է անվանել: «Մենք արդեն 25 տարի է կողմ ենք արտահայտվում 7 նպատակների իրականացմանը, որոնք կարեւորագույնն ենք համարում մեր երկրի համար: Մենք համագործակցել ենք իշխանությունների հետ նաեւ Քոչարյանի օրոք: Կարծում եմ, որ նրա կառավարման տարիները դրական են եղել մեր երկրի համար»,- ասել է Ռուստամյանը:





























