Քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երեւանի հաշվին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Այս օրերին մամուլում կարդում եմ քաջ եւ նվիրված մեր երիտասարդների մեկնաբանությունները Երեւանի հին շենքերի պահպանման մասով եւ մեծ հույսով եմ լցվում, ուրախանում, որ անտարբեր չեն: Ուրախանում եմ, որ ոչ միայն սոցցանցերում նստած մեկնաբանություն են գրում, այլեւ պայքարում են ամեն մի քարի պահպանման համար: Բայց իրար մեղադրելով հարցեր չեն լուծվում, ու որպես միջնորդ, այս դեպքում, պետք է գործի քաղաքապետարանը: Իսկ ի՞նչ եք անում դուք այս օրերին. մեր մասնագետների կցկտուր եւ խուսափողական պատասխաններն ավելի շատ անորոշություն են մտցնում»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաեւ սրտացավ վերաբերմունք է պահանջել ոլորտի պատասխանատուներից, որոնք իրենց լիազորությունների շրջանակում ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են կառուցապատողներից պահանջել բացառել Երեւանի արտաքին տեսքն աղավաղող եւ մայրաքաղաքի ճարտարապետությանը ոչ հարիր կառույցների նախագծեր պատվիրելը: Ընդ որում, անընդունելի մոտեցումները պետք է բացառվեն բոլոր վարչական շրջաններում. ինչն անթույլատրելի է կենտրոնում, թույլատրելի չէ նաեւ ծայրամասերում:
«Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, այլ ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը: Ճարտարապետն այն մարդն է, ով պետք է հետք թողնի պատմության մեջ: Այսպիսի՞ հետք եք ուզում թողնել ձեզանից հետո: Մեկընդմիշտ հիշեք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երեւանի հաշվին: Եվ հետո, Երեւանի քաղաքապետարանը նախագծային գրասենյակ չէ ձեզ համար, որ թղթաբանությունն ավարտեք ու տուն գնաք: Փոխե՛ք ձեր մոտեցումները: Եղե՛ք պահանջկոտ ու սկզբունքային պատվիրատուների հետ», - ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաեւ հավելել է, որ թե՛ ինքը եւ թե՛ Երեւանի քաղաքապետարանը երբեք չեն խուսափել պատասխանատվությունից, բայց անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ քաղաքաշինական բազմաթիվ խնդիրներ, տրամադրված շատ շինթույլտվություններ եւ ներկայում խնդրահարույց բազում որոշումներ ոչ թե այսօրվա արդյունք են, այլ մի քանի տասնամյակի ընթացքում են կուտակվել: Եվ, որ ամենացավալին է, իրավական տեսանկյունից այսօր շատ դեպքերում Երեւանի քաղաքապետարանը հնարավորություն չունի վիճարկել այդ որոշումները: Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է առավելագույն հրապարակայնություն ապահովել այս հարցերում:
«Մեր վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքաշինությանն ու քաղաքի արտաքին տեսքին վերաբերող հարցերը մեր համաքաղաքացիների համար կարեւոր են, եւ այս հարցում ցանկություն կա ուղիղ մասնակցել որոշումների կայացմանը: Ուրեմն մտածենք մեխանիզմներ, որոնք կապահովեն առավելագույն հրապարակայնություն եւ հանրության մասնակցություն. լինի դա համապատասխան շենքերի ցանկերի հրապարակում, հանրային քննարկումների անցկացում, թե առցանց ֆորում: Երեւանցին պե՛տք է մասնակցի իրեն հուզող հարցերի քննարկմանը», - նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ նման հարցերի բազմակողմանի լուսաբանման հետ կապված ԶԼՄ-ների հետ համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է, քանզի աղճատված ու միակողմանի նյութերը վնասում են ոչ միայն Երեւանի քաղաքապետարանին, այլեւ հենց երեւանցիներին:
Նշենք, որ խորհրդակցությանը ներկա են գտնվել Երեւանի գլխավոր ճարտարապետը, «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենը, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ինչպես նաեւ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունների եւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատակիցները: Խորհրդակցության օրակարգում քաղաքաշինության եւ հողօգտագործման բնագավառում 2015թ. հիմնական բացթողումներն ու հետագա գործողություններն էին:




























