«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ( օրերս «Օրինաց երկիրը» վերանվանվել է ու դարձել «Հայկական վերածնունդ») լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի հետ: Այս մասին փետրվարի 26-ին ԱԺ ավանդական ճեպազրույցներում հայտնել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Նրանք ունեցել են ու հիմա էլ ունեն լավ հարաբերություններ: Իսկ Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու կամ չմասնակցելու մասին Արա Աբրահամյանի որոշումը՝ նրա անձնական որոշումն է լինելու»,- հավելել է Շահգելդյանը:

Իսկ ՕԵ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով, «Հայկական վերածունդ» կուսակցության ստեղծվելը մեծ աշխատանքի արդյունք է, երբ տասնյակ հասարակական կազմակերպություններ ու ուժեր կամավոր հիմունքներով միավորվել են հանուն ընդհանուր նպատակների ՝ մի կողմ դնելով իրենց անձնական շահերւ: «Սա փոփոխությունների քամին է: Իսկ ժամանակին փչող քամին միայն կթարմացնի ծառը ու նրան ուժ կհաղորդի»,- պատկերավոր կերպով իր միտքն ամփոփել է Մարգարյանը: