Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած նորաստեղծ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իրեն միացած խայտաբղետ անվանումներով ՀԿ-ներին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով լայն հանրության եւ լրատվամիջոցների՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության եւ նրա շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների միջեւ հետագա համագործակցության ձեւաչափի  հետ կապված հետաքրքրությունը՝ պաշտոնապես հայտնում ենք, որ նախ՝ ի սկզբանե խնդիր չի դրվել, որպեսզի ՀԿ-ները լուծարվեն եւ միաձուլվեն «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ավելին՝  «Հայկական վերածնունդ» կուսակցության  եւ հասարակական կազմակերպությունների միջեւ կստեղծվի համագործակցության նոր ձեւաչափ՝ քաղաքացիական համագործակցության պլատֆորմը, որը ինքնուրույն ձեւաչափ է եւ ղեկավարվելու է պարոն Արթուր Բաղդասարյանի կողմից:

ՀԿ-ների հետ աշխատանքները կորդինացնելու համար կստեղծվի համագործակցության շուրջ 7 ուղղություններ եւ խմբեր, որի մասին վերջնական տեղեկություն կհրապարակվի գալիք շաբաթվա ընթացքում:

Ինչ վերաբերում է «Հայկական վերածննդի» շուրջ համախմբված հասարակական կազմակերպությունների ամբողջական ցանկի հրապարակմանը, ապա այն բազմիցս հրապարակվել է, ավելին՝ տեսանկարահանվել եւ լուսաբանվել է»:

Նշենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությանն են միացել այնպիսի հասարակական կազմակերպություններ, ինչպիսիք են «Լինենք բարի», , «Տղամարդիկ», «Կանայք այսօր», «Սուրբ Պանդուխտ», «Փրկված մասունքներ», «Արծվաբույն Զեյթուն» եւ այլն: Նշվում է, որ այդ կազմակերպությունները ստեղծվել են վերջին 6 ամիսների ընթացքում: