Հայաստանում կյանքը կառուցվում է ստի ու կոռուպցիայի վրա, ու ՀՅԴ-ն, միավորվելով ՀՀԿ-ի հետ, միայն կբազմապատկի այդ սուտը: Այս մասին փետրվարի 26-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ընդդիմադիրը վստահ է, որ Հայաստանում ստի իշխանությունն ամենուրեք է, այդ թվում խորհրդարանում. Պատգամավորները բիզնեսով են զբաղվում, ինչն օրենսդրորեն արգելված է: «Նույնն է կատարվում նաեւ բիզնեսում: Ասել, որ տնտեսության մեջ ստվերային ոլորտ կա, նշանակում է ոչինչ չասել: Իսկ կողքից էլ պատգամավորական էթիկայի հանձնաժողով են ստեղծել: Գո՞ւցե ձեզ թվում է, թե նրանք իրենք իրե՞նց պետք է պատժեն: Մեր տնտեսությունը համատարած ստվեր է: Առանց դրա գործող իշխանությունները պարզապես չեն կարող գոյատեւել: Շուրջը համատարած սուտ է ու կոռուպցիա: Եվ հիմա, դուք կարծում եք, թե ինչ որ բա՞ն պետք է փոխվի: Դուրս եկեք փողոց, հարցրեք, թե մարդիկ ինչ են մտածում ու սպասում»,- ասել է Մանուկյանը, որը բացառում է՝ իշխանության մեջ ՀՅԴ-ի հերթական մուտքով պայմանավորված որեւէ դրական առաջխաղացում: