13-ամյա աղջկա հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրվող 31-ամյա Ալեքսանդր Պ.-ն դատապարտվել է 1 տարի 4 ամսվա ազատազրկման: Նման որոշում է կայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալեքսանդրը 2012 թ. սեպտեմբերի 3-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 13-ամյա աղջկա հետ:

Ալեքսանդրին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Գրավի դիմաց նա ազատ էր արձակվել:

Դատաքննության ընթացքում պարզ էր դարձել, որ նախկինում մի քանի անգամ դատված, ամուսնացած Ալեքսանդրը 2012թ. հուլիսի 27-ին հանդիպել էր անչափահաս տուժողին: Նրանք համակրել են միմյանց եւ ամուսնության նպատակով սկսել մտերմություն անել: Ամուսնանալու մտադրության մասին նրանք հայտնել են նաեւ աղջկա մորն ու տատիկին:

2012թ. սեպտեմբերի 3-ին իր տանը 31-ամյա Ալեքսանդրը հայտնել է աղջկան, որ շուտով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն եւ առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ: Աղջիկը համաձայնվել է: Հաջորդ օրը նրանք այդ մասին տեղեկացրել են աղջկա մորը եւ տատին: Դրանից հետո մինչեւ 2012թ. սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Ալեքսանդրն ավելի քան 10 անգամ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել աղջկա հետ:

Դատարանում Ալեքսանդրը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ համաձայն է մեղադրանքի հետ: Տուժողն էլ իր հերթին հայտնել է, որ իրենք արդեն ամուսնացել են եւ խնդրել է մեղմ պատիժ նշանակել ամբաստանյալի նկատմամբ: Դատարանը, սակայն, կարծում է, որ դատաքննությունից ընդամենն օրեր առաջ ամբաստանյալը ամուսնություն է ձեւակերպել տուժողի հետ՝ դրանով փորձելով խուսափել քրեական պատասխանատվությունից եւ պատժից:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն Ալեքսանդրին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել ազատազրկման 1 տարի 4 ամիս ժամկետով: