ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու մասին փետրվարի 25-ին ՀՀ Կառավարության որոշումն ուրախացնող է, սակայն հայաստանյան ավտոներկրողների խնդիրները դրանով այնքան էլ չեն լուծվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Ուրախալի նորություն է, իհարկե, բայց մեր պայքարը շարունակվելու է: Պարզ չէ՝ այդ որոշումը իրավաբանական անձանց էլ է վերաբերում: Բացի դա, այս 15-20 տարիների ընթացքում ես եւ շատերը մեծ հարկեր ենք վճարել, իսկ դրանք ո՞վ պետք է վերադարձնի»,-ասաց նա:
Ավտոներկրողների միության նախագահը կարծիք հայտնեց, որ ԵՏՄ երկրներից առանց ԱԱՀ ավտոներկրման մասին Կառավարության որոշման հարցում հենց ԵՏՄ-ն է ճնշումներ բանեցրել: «Կարծում եմ, որ իրենց խոսքը ասած կլինեն նաեւ խոշոր ավտոներկրողները»,-ասաց նա:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ Կառավարության այս որոշումից հետո Ռուսաստանից ներկրվող մեքենաների արժեքը կնվազի, պահանջարկը կմեծանա, իսկ վրաստանյան ավտոշուկան կդադարի Հայաստանի համար ներկրման միակ կենտրոնը լինել, մինչդեռ անհրաժեշտ է զարգացնել մեր սեփական մեքենաշինությունը:
Նշենք, որ փետրվարի 25-ին Կառավարության նիստի ժամանակ Միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնել էր, որ ՀՀ Կառավարությունը մտադիր է ֆիզանձանց կողմից մեքենաների նորմուծումն ազատել ԱԱՀ-ից: Եթե գործող օրենսդրությամբ ֆիզանձինք ԱԱՀ-ից կազատվեն միայն 2017 թ. հունվարի 1-ից, ապա հիմա առաջարկում են արագացնել այդ ժամկետները: Կառավարության 2015 թ. հուլիսի 30-ի թիվ 865 որոշման մեջ եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջարկում են շտապ կարգով՝ երկու օրվա ընթացքում համալրել, ընդունել ու հնարավորինս արագ գործածության մեջ դնել:




























