Պետդումայի պատգամավորները ուրբաթ լիագումար նիստի ժամանակ առաջին եւ վերջնական ընթերցումով ընդունել են 2016 թ. ապրիլի մեկից բենզինի ու դիզվառելիքի ակցիզների բարձրացման մասին օրենքը: Համապատասխան փոփոխություններն արվել են ՌԴ Հարկային օրենսգրքի 193 -րդ հոդվածում:

2016 թ. ապրիլի մեկից բարձրանում են ավտոմոբիլային բենզինի, դիզվառելիքի ու միջին դիստիլյատների ակցիզները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավտոմոբիլային բենզինի ակցիզը բարձրանում է 2 ռուբլով՝ 1 լիտր բենզինի համար: 5-րդ կարգի ավտոմոբիլային բենզինի ակցիզը, որը գործելու է 2016 թ. ապրիլի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, կկազմի տոննայի համար 10 130 ռուբլի:Դիզվառելիքի համար ակցիզի դրույքը ապրիլի մեկից կբարձրանա 1 ռուբլով՝ 1 լիտրի համար: Այսպիսով 2016 թ. ապրիլի մեկից մինչեւ դեկտեմբերի 31-ը դիզվառելիքի համար գործող ակցիզը կկազմի 5 293 ռուբլի մեկ տոննայի համար: Իսկ միջին դիստիլյատների ակցիզների դրույքները ապրիլի մեկից կսահմանվեն դիզվառելիքի համար ակցիզի դրույքին հավասար:

Ագրարային արդյունաբերության համալիրի վրա տվյալ միջոցառումների հնարավոր բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով դիզելային վառելիքի ակցիզի դրույքը կբարձրանա ավտոմոբիլային բենզինի ակցիզի դրույքի բարձրացման մակարդակի 50 տոկոսի չափով: