Բեռնատար ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Շենգավիթ վարչական շրջանի տարբեր հասցեներում կայանված 4 տարբեր բեռնատար ավտոմեքենաներից կատարված գողություններն իրականացվել են նույն անձի՝ Շենգավիթ վարչական շրջանի 33-ամյա բնակչի կողմից։
Տղամարդը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է բեռնատար ավտոմեքենաների դռները եւ մեքենաների սրահներից հափշտակել տարբեր առարկաներ, կանխիկ գումար։
Ձեռք բերված ապացուցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն՝ 3 դրվագ) եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ուրիշի գույքի խոշոր չափերով գաղտնի հափշտակություն):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան:





























