Միջազգային կազմակերպությունները նախկինում հայտարարել են Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նկատել է, որ դա իր անձնական եզրակացությունը չէ, այլ հեղինակավոր կազմակերպությունների կարծիքը, որոնք ներկայացվել են իրենց զեկույցներում:

«Ես ընդամենը խոսում եմ այն մասին, որ եթե ղեկավարվենք մի շարք փաստաթղթերով, օրինակ ԵԽԽՎ բանաձեւերով, ապա իրավիճակն այսպիսին է: Այլ փատսաթղթերով որեւէ նման բան չկա: Հետեւաբար ես ինքս ձեռնպահ կմնամ որեւէ բան հայտարարելուց»,-հավելել է նա:

Հարցին՝ կարելի՞ է քաղբանտարկյալ համարել օրերս կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, Էնֆիաջյանը պատասխանել է. «Եթե իշխանությունների հետ անհամաձայնության համար ազատությունից զրկելը քաղաքական հետապնդում է, ապա նրա դեպքը կարելի է քննել այդ համատեքստում»: