Զինված ուժերում ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի շրջանակում փետրվարի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ եւ ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում եւ համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

Հանկարծակի ստուգման նպատակն էր ստուգել զինծառայողների եւ քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական եւ զորահավաքային պատրաստականության աստիճանը, նրանց ֆունկցիոնալ պարտականությունների եւ մասնագիտական գիտելիքների իմացության, դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու աստիճանը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրի շարահրապարակում ողջունելով անձնակազմին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է զինված ուժերում պլանային եւ արտապլանային միջոցառումների, մարտավարաշարային պարապմունքների անցկացման եւ անձնակազմի զգոնության աստիճանը մշտապես բարձր պահելու կարեւորությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ յուրաքանչյուր զինծառայող եւ քաղաքացիական հատուկ ծառայող պետք է պատրաստ լինի կարճ ժամանակահատվածում առաջադրվող խնդիրների կատարմանը եւ ունակ լինի դրսեւորելու համակարգված մոտեցում, մասնագիտական բարձր պատրաստվածություն:

Այս առումով պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմին տվել է որոշակի ցուցումներ եւ հանձնարարականներ: