Հայաստանում արդեն քաղբանտարկյալների հարցերով «մասնագիտացած» քննիչներ են հայտնվել։ Այս մասին փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ հատկանշական է, որ ընդդիմադիր Վարդգես Գասպարիի եւ Գեւորգ Սաֆարյանի գործերը նույն քննիչ է վարում։ «Նման «մասնագետների» աշխատանքն է ճնշել ազատ մարդկանց։ Սկզբում նրանց պահում են «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալներ»։ Այնտեղ սովորական հանցագործներ չեն, այնտեղ կրթության որոշ մակարդակ ունեցող մարդիկ են։ Այնտեղ փորձում են սպանել բողոքի կամքը։ Եթե չի ստացվում, ուղարկում են սովորական բանտեր, որտեղ մեկ խցում կարող է ավելի քան 20 բանտարկյալ լինել»,- ասել է Փոստանջյանը։

Նրա համոզմամբ՝ Վարդգես Գասպարին տուժել է միայն այն բանի համար, որ բարձրաձայն ասել է այն, ինչ հանրության 99 տոկոսը գիտի։ «Նա իրավապահներին հարցրել է, թե նրանք ինչ-որ կապ ունեն մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետ։ Նա իրավունք ուներ նման բան հարցնել՝ իմանալով, որ մենք բոլորս 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ուժ եւ հրազեն են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ»,- ընդգծել է Փոստանջյանը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը փետրվարի 26-ին բավարարել էր ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխելու դիմումը։