Լոռու մարզի Մղարթ համայնքում հունվարի 24-ին գյուղապետ ընտրված Արմինե Մամաջանյանը շարունակում է դասավանդել գյուղի միջնակարգ դպրոցում:
«Դպրոցում դասավանդելու 19 տարվա փորձ ունեմ, որոշ ժամանակ էլ գյուղապետարանում եմ աշխատել՝ որպես հաշվապահ: Այնպես որ ինձ համար խորթ չէ աշխատանքս: Բացի դրանից, դպրոցը չեմ թողել, համատեղում եմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նորանշանակ գյուղապետը:
Արմինե Մամաջանյանի պնդմամբ՝ որեւէ դժվարություն չունի աշխատանքի հետ կապված, կարողանում է համատեղել դպրոցն ու գյուղապետի աշխատանքը:
Հիշեցնենք, որ Մղարթի համայնքի ղեկավարի ընտրություններին Արմինե Մամաջանյանը ստացել էր 174 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Հրաչյա Սուքիասյանը՝ 8, անվավեր էր ճանաչվել 35 քվեաթերթիկ:
Նշենք, որ երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-ականներ են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մղարթի գյուղապետ Վաչագան Նավասարդյանը 2015թ.-ի նոյեմբերին մահացել է:





























