Եվրոպան Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ տարածաշրջան, որտեղից կարող է իր համար անհրաժեշտ էներգետիկ ռեսուրսներ ստանալ։ Այս մասին փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը։

ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի՝ Հայաստան կատարվելիք այցի կապակցությամբ NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ քաղաքագետը նշել է, որ այցի հիմնական թեման կլինի Հայաստանի եվրաասոցիացիայի մասին նոր փաստաթուղթը։ «Օրինակ՝ վերջին ժամանակներս ընդգծվում է այն հանգամանքը, որը փոքր եւ միջին բիզնեսի տեսակետից Հայաստանը «Արեւելյան գործընկերության» 6 անդամ երկրների շրջանում ամենալավ ցուցանիշն ունի։

Մոգերինին պարիտետը պահպանելու համար կայցելի ոչ միայն Երեւան, այլ նաեւ Բաքու։ Դա ենթադրում է, որ քննարկվելու են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները»,- ընդգծել է Մարգարովը։

Նա նշել է, որ Եվրոպան ուշադրություն է դարձնում տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։ «Չմոռանանք, որ Ռուսաստանը բանակցություններ է սկսում Հունաստանի եւ Իտալիայի հետ գազի տարանցման համար, ինչն իր հերթին հետաքրքրություն է ներկայացնում։ Սակայն պարզ է մի բան. Հարավային Կովկասի տարածաշրջանը չի կարող հանդես գալ որպես էներգակիրների կայուն ռեսուրս այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությանը վերջնական լուծում չի տրվել»,- հավելել է Ալեքսանդր Մարգարովը։