Փետրվարի 26-ից մինչեւ մարտի 25-ը Ազատության հրապարակում իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երեւանի քաղաքապետը կիրառել է ժամային սահմանափակում:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, այդ օրերին ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել:
Երեւանի քաղաքապետի որոշումներում արտահայտված դիրքորոշումների օրինականությունը ստուգված է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0791/05/16 վարչական գործով ընդունված եւ ուժի մեջ մտած դատական ակտով:
Ոստիկանությունն արդեն իսկ հայտարարել է, որ գիշերվա ժամերին հավաքի անցկացման վայրերում արձանագրվել են իրավախախտումների դեպքեր, այդ թվում` անչափահասների մասնակցությամբ: Բացի այդ, գիշերվա ժամերին իրազեկումների մեջ նշված շուրջ 2 հազար անձանց մասնակցությամբ հավաքների անցկացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու ապահովել «Հավաքների ազատության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը:
Մեր քաղաքացիներին խնդրում ենք հարգանքով վերաբերվել վարչական ու դատական ակտերի պահանջներին, անտարբեր մնալ անհնազանդություն ցուցաբերելու` կոնկրետ անձանցից հնչող կոչերին: Հիշեցնում ենք, որ նման կոչերն օրինականությունը խախտելու քարոզչության դրսեւորումներ են, եւ ունենալու են իրավական հետեւանքներ:
Ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում ապահովելու է Երեւանի քաղաքապետի` ի գիտություն ընդունված որոշման պայմաններով մեր քաղաքացիների` կարծիք արտահայտելու իրավունքի իրացումը: Միաժամանակ՝ իրավախախտումների յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունն արձագանքելու է դրանց հանրորեն վտանգավորության բնույթին համաչափ, այդ թվում` հարկադրանքի կազմակերպված գործադրմամբ:





























