Մայրաքաղաքի դպրոցներում փետրվարի 20-ից մեկնարկել է առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։
Աշակերտների գիտելիքների ամենամյա ստուգատեսին մասնակցում են հիմնական, միջնակարգ, ավագ, ինչպես նաեւ մասնավոր դպրոցներն ու կրթահամալիրները։ Օլիպիադաներին մասնակցում են նաեւ հատուկ խնամքի կարիքներ ունեցող աշակերտները:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն օլիմպիադաների օրերին անձամբ այցելում է դպրոցներ եւ տեղերում հետեւում ընթացքին։ Հանրակրթության վարչության պետը հատկանշել է, որ օլիմպիադաները կազմակերպվում եւ անցկացվում են օրենքով սահմանված կարգով: Մինչ օրս որեւէ խախտում չի արձանագրվել։
«Տասնվեց առարկայից կազմակերպվող օլիմպիադաների քաղաքային փուլին մասնակցում են դպրոցական եւ տարածքային փուլերը հաջողությամբ հաղթահարած աշակերտները:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցատարի մեծանում է օլիմպիադաներին մասնակցող երեխաների թիվը: Միաժամանակ նաեւ պետք է արձանագրեմ, որ բարձրացել է աշակերտների պատրաստվածությունը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը կավարտվի մարտի 9-ին։ Այն հաղթահարած աշակերտները, ըստ առարկաների, կմասնակցեն հանրապետական փուլին։





























