Հայաստանը շատ մեծ հնարավորություններ ունի ավստրիական ներդրումներ ընդունելու համար, առավել եւս՝ արդյունաբերության ոլորտում, որովհետեւ Ավստրիայում կան բազմաթիվ հզոր ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում աշխարհի շատ երկրներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀ նախագահի նստավայրում ՀՀ դեսպանների եւ առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքի հերթական հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս անգամ ՀՀ նախագահը լսել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում դիմելով դեսպանին նշել է հետեւյալը.

«Պարո՛ն Կիրակոսյան, այսօր ակնկալում եմ հայ-ավստրիական հարաբերությունների հանգամանալից քննարկում եւ, բնական է, քանի որ դուք նաեւ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարն եք, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի առաքելության ղեկավարն եք, Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի մի շարք գործակալություններում ներկայացնում եք Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում նաեւ մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող ԱԷՄԳ-ում, կցանկանայի, որպեսզի խոսենք նաեւ այս հարցերի մասին:

Ավստրիան Հայաստանի բարեկամ երկիր է, զարգացած երկիր, եւ մեր հարաբերություններն Ավստրիայի հետ մենք կառուցում ենք՝ հաշվի առնելով պատմության ընթացքում անցած համատեղ ճանապարհը: Այսինքն՝ մեր հարաբերությունները կառուցում ենք ամուր պատմական հիմքի վրա, եւ պատահական չէ, որ դեռեւս 1988թ. Ավստրիան առաջիններից մեկն արձագանքեց մեզ պատուհասած աղետին՝ Շիրակում կառուցվեց ավստրիական թաղամաս, ավստրիական մանկական հիվանդանոց, եւ հիմա էլ Ավստրիան աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին: Սրանք պատահական չեն, որովհետեւ բազմաթիվ անուններ միահյուսում են մեր երկրների բարեկամության պատմությունը:

Ավստրիան մեզ համար չափազանց կարեւոր է զարգացման իր փորձով, որովհետեւ մեծ հաջողությունների է հասել ժամանակակից տեխնոլոգիաների, ընդհանրապես՝ զարգացման գրեթե բոլոր ոլորտներում: Մեզ համար բավականին հետաքրքիր է Ավստրիայի փորձը բժշկագիտության, զբոսաշրջության եւ առանձնապես՝ ենթակառուցվածքների ու սեզոնային տուրիզմի զարգացման ոլորտներում: Իհարկե, ինձ համար շատ կարեւոր է, որ մենք Ավստրիայի հետ համագործակցում ենք գյուղատնտեսության, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Մենք մեր երկրում այս ուղղությունները պարտավոր ենք զարգացնել: Կատարված աշխատանքը տեսանելի է, բայց ոչ բավարար: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք Հայաստանում ավստրիական ներդրումներ ընդունելու, առավել եւս՝ արդյունաբերության ոլորտում, որովհետեւ Ավստրիայում կան բազմաթիվ հզոր ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում աշխարհի շատ երկրներում, եւ Հայաստանը, թեեւ լինելով իր չափերով փոքր, այդուհանդերձ, անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, որն այս առումով բազմաթիվ հնարավորություններ է բացում:

Մենք պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին: Կուզենայի տեսնել՝ ի՞նչ աշխատանք է դեսպանատունը կատարում Հայաստանի այս հնարավորություններն ավստրիական գործարար շրջանակներին ներկայացնելու համար: Գիտեմ, որ ապրիլին տեղի է ունենալու միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը, եւ դրան հաջորդելու է գործարար համաժողովը: Արդյո՞ք մենք լրջորեն ենք պատրաստվում այս միջոցառումներին, որոնք կարող են իրոք շատ մեծ խթան հանդիսանալ մեր երկրի զարգացման գործում հենց ներդրումների համար: Իսկապես, շատ լավ է, որ մենք ինտենսիվ եւ արդյունավետ համագործակցում ենք գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Շատ ուրախ եմ, որ հենց ավստրիացիների հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք ամբողջովին վերանորոգել եւ վերազինել մեր մշակույթի հիմնական օջախները՝ Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը, մեր ֆիլհարմոնիկ դահլիճը, հիմա շատ ինտենսիվ փուլում է գտնվում մեր մայր թատրոնի վերանորոգումը: Իհարկե, լավ կլինի, որ այստեղ եւս համագործակցությունը շարունակվի, բայց կուզենայի, որպեսզի օգնության, օժանդակության, ծրագրերից մենք տեղափոխվեինք նաեւ գործարար դաշտ: Կցանկանայի, որպեսզի մեր բիզնես հարաբերությունները շատ ավելի առաջ գնային, առավել եւս, որ Ավստրիան տիրապետում է եւ շատ հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի ոլորտով, բնական ռեսուրսների կառավարման, այդ թվում ՝ նաեւ ջրի խելացի կառավարման խնդիրներով:

Եվ սա կարող է լինել գործարարության շատ մեծ դաշտ, որովհետեւ Հայաստանն իր բնական կլիմայական պայմաններով ուղղակի հարաբերական առավելություն ունի այլ երկրների նկատմամբ, օրինակ` արեւային էներգիայի ստացման բնագավառում:

Իհարկե, կցանկանայի, որպեսզի խոսեինք ԵԱՀԿ-ում առկա խնդիրների եւ ՄԱԿ-ում մեր հարաբերությունների մասին»:

Դեսպան Արման Կիրակոսյանն իր զեկույցում մանրամասն անդրադարձել է Վիեննայում ՀՀ դիվանագիտական առաքելության առջեւ դրված խնդիրներին, ամփոփել վերջին տարիներին իրականացված աշխատանքները, ներկայացրել արդյունքները եւ դրանց հիման վրա ստեղծված այն նախադրյալները, որոնք ամուր հիմք են դարձել հայ-ավստրիական քաղաքական երկխոսությունը եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Դեսպան Կիրակոսյանը խոսել է նաեւ առկա խնդիրների մասին, այդ թվում՝ միջազգային վերոնշյալ կառույցների հետ հարաբերություններում:

«Շնորհակալ եմ, մեծարգո՛ նախագահ: Երկու պետությունների միջեւ ստեղծված է շատ լավ, լիարժեք իրավապայմանագրային դաշտ՝ ունենք համագործակցության քսան պայմանագրեր տարբեր ոլորտներում: Դրանց կեսը հիմնականում առեւտրատնտեսական բնույթի պայմանագրեր են, ինչը նպաստում է մեր գերատեսչությունների եւ գործարարների ակտիվ մասնակցությամբ երկկողմ համագործակցությանը: Գործարար համաժողովների մասին կուզեի ասել. ստեղծված են բոլոր պայմանները, որոնց նպաստել են ինչպես նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան այցը, այնպես էլ Ձեր այցելությունն Ավստրիա, նաեւ 2014թ. սեպտեմբերին արտգործնախարար Սեբաստիան Կուրցի այցը Հայաստան, ով էներգետիկայի ոլորտով հետաքրքրված գործարարների հատուկ խումբ բերեց Ավստրիայից: Ապրիլի 13-ին Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունենալու 4-րդ գործարար համաժողովը: Այսինքն` պայմաններ են ստեղծված, որպեսզի գործարարներն իրար հանդիպեն, ծանոթանան եւ համագործակցեն: Իհարկե, վերջին տարում գոհացուցիչ չեն առեւտրաշրջանառության ծավալները: Այստեղ ուսումնասիրության կարիք կա, սակայն կարծում եմ բոլոր հնարավորություններն ունենք բարելավելու իրավիճակը:

Մյուս կարեւոր հանգամանքը՝ անցյալ տարի մեզ հաջողվեց ստեղծել բարեկամական խումբ Ավստրիայի խորհրդարանում, որն առաջինն է մեր հարաբերությունների պատմության ընթացքում: Խորհրդարանում միշտ ձեւավորված է եղել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի խումբ, որը, փաստորեն, չի աշխատել: Անցյալ տարվա դեկտեմբերին վերջնականացվեց այդ խմբի ձեւավորումը, եւ այսօր Կանաչների կուսակցության ներկայացուցիչն է այն ղեկավարում: Այդ խմբի մեջ ընդգրկված են խորհրդարանի բոլոր կուսակցությունները:

Պետք է նշեմ, որ Ձեր այցելության ընթացքում բացվեց Վիեննայի «Հայաստան» կենտրոնը, որն առաջին նման կառույցն է Հայաստանի սահմաններից դուրս: Սա, իրոք, այն հազվագյուտ կենտրոններից է, որը մեր գերատեսչությունները նույնպես կարող են օգտագործել՝ Եվրոպայի կենտրոնում տարբեր տեսակի միջոցառումներ անցկացնելու համար:

Համառոտ կխոսեմ բազմակողմ գործառույթների մասին, որովհետեւ, ինչպես նշեցիք, շատ բազմաբնույթ են այդ գործառույթները՝ մեր ներկայացուցչությունը ներկայացված է բազմակողմ՝ եւ՛ ԵԱՀԿ-ում, եւ՛ ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, ՄԱԿ-ի Թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակում: Շատ կարեւոր է «Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությունը, որի հետ մենք արդյունավետ աշխատանք ենք իրականացնում: Կարեւոր է նաեւ, եւ կարծում եմ առանձնակի կանդրադառնանք այդ թեմային՝ Ավստրիայում գործող Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հետ համագործակցությանը: Անցյալ տարի ես ընդունված կարգով հանձնեցի հավատարմագիրը: Կարեւոր է, որ այդտեղ ուսանեն նաեւ մեր երիտասարդները: Այդ ոլորտը շատ բարձր է գնահատվում եւ՛ Ավստրիայում, եւ՛ ընդհանրապես ամբողջ Եվրոպայում: Սա այն մարմինն է, որը մենք կարող ենք օգտագործել այդ ոլորտում երիտասարդների ուսման համար»,-ասել է Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների եւ ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին եւ համապատասխան գերատեսչություններին: