Փետրվարի 26-ին Թբիլիսում բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացիայի նախկին պետնախարար Ալեքսի Փեթրիաշվիլին։ Նա ոտքերին երեք հրազենային վիրավորում է ստացել, իսկ գլխին՝ ծանր առարկայով հարված, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Նախկին պետնախարարի (ներկայումս ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից է) վիճակը կայուն է։ Նրան վիրավորել են անհայտ անձինք Թբիլիսիի գերեզմանոցում ընկերոջ գերեզմանն այցելելիս։
Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» խմբակցության առաջնորդ Զվիադ Քվաչանթիրաձեն կատարվածը շատ վատ փաստ է որակել։ Նրա խոսքով՝ իշխանությունների շահերից է բխում շտապ հետաքննել կատարվածը։
Նա ենթադրել է, որ հետաքննությունը արագ կընթանա, քանի որ կան վկաներ։
Երկրի ՆԳՆ-ն արդեն հարցաքննում է վկաներին։
Հիշեցնենք, որ Փեթրիաշվիլին պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2012-2014թթ., իսկ հետո իր կուսակիցներ Իրաքլի Ալասանիայի եւ Մայա Փանջիկիձեի հետ հրաժարական էր տվել։





























