Երեւանի աղբահանությամբ եւ սանմաքրմամաբ զբաղվող «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը  2015թ. դեկտեմբերի 1-ին ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ի հետ, որի շրջանակում «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն ստանձնել է պարտավորություն «Սանիթեք»-ի հանձնարականների հիման վրա շաբաթվա բոլոր օրերին եւ ժամերին  «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ին պատկանող 5 տրակտորների միջոցով ձնամաքրման հետ կապված աշխատանքներ իրականացնել Երեւան քաղաքում եւ նշված տրակտորները պայմանագրի գործողության ընթացքում հասանելի դարձնել «Սանիթեք» ՍՊԸ-ին, սակայն խախտել է պայմանագիրը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Սանիթեք»-ի մամուլի ծառայության տարածած հայտարարությունից:

«Ծառայությունների ամսական արժեքը 5 տրակտորով ծառայությունների մատուցման համար կազմել է 2 մլն 410 հազար ՀՀ դրամ (գումարած հարկեր), որը «Սանիթեք» ՍՊԸ-ն վճարել է պայմանագրով նախատեսված ժամկետներում եւ շարունակում է վճարել, սակայն հունվարի 1-ից 7-ը ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղացած առատ ձյան պայմաններում «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն հրաժարվել է դուրս բերել պայմանագրով նախատեսված 5 տրակտորները եւ նշված տեխնիկայից միայն 2-ն է օգտագործել, այն էլ ոչ թե ձյան մաքրման, այլ աղ բարձել եւ բեռնաթափելու նպատակով: «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գուրեւի հետ հանդիպումներից ու բանակցություններից հետո, ի լրումն առկա պայմանագրի, լրացուցիչ պայմանագիր է ստորագրվել՝ 20 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի շրջանակում արձանագրվել է, որ«Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն կմատուցի ձյան մաքրման լրացուցիչ ծառայություններ: «Սանիթեք»-ի ունեցած տեղեկատվության համաձայն՝«Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն լրացուցիչ ծառայությունները մատուցելու համար ներգրավել է մասնավոր մատակարարների (հիմնականում ֆիզիկական անձանց):

Նշված պայմանագրի հիման վրա «Հիդրոմոլոտ» ՍՊԸ դուրս է գրել 20 մլն դրամի հաշիվ-ապրանքագիր, որը ընդունվել եւ սահմանված ժամկետում վճարվել է «Սանիթեք»-ի կողմից: Որոշ ժամանակ անց «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն ուղարկել է վերջնական կատարողական ակտ, որտեղ նշված է, որ հիմնական պայմանագրից զատ լրացուցիչ պայմանագրի շրջանակում մատուցված ծառայությունների արժեքը կազմել է 43 մլն դրամ՝ 20-ի փոխարեն (ներառյալ հարկեր): Վերջինիս «Սանիթեք»-ը անհամաձայնություն է հայտնել՝ նշելով, որ ծառայությունների մատուցման պայմանագրով նման գումարի պայմանավորվածություն ձեռք բերված չի եղել: Ավելին, «Սանիթեք»-ը հիշեցրել է, որ «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ն անգամ 2015թ. դեկտեմբերի 1-ին կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարել ամբողջությամբ՝ դուրս չհանելով սեփական տեխնիկան եւ օգտվելով իրավիճակից՝ իրեն շահավետ լրացուցիչ պայմաններ է առաջ քաշել:  Փետրվարի 25-ին «Հիդրոմոլոտ» ՍՊԸ ներկայացուցիչների հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «Սանիթեք»-ը առաջարկել է վճարել եւս 10.8 մլն դրամ, ի լրումն լրացուցիչ ծառայությունների դիմաց արդեն իսկ վճարված 20 մլն դրամի: Նշենք, որ «Հիդրոմոլոտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած 43 մլն կատարողական ակտով ներակացված լրացուցիչ ծառայությունների արժեքը հաշվարկված է շուկայականից խիստ տարբերվող գների հիման վրա (որպես օրինակ կարող ենք նշել այն, որ «Հիդրոմոլոտ»-ի կողմից սահմանված տեխնիկայի վարձակալության ժամը «Սանիթեք»-ի համար 18,000 դրամ է՝ գումարած հարկեր, իսկ շուկայական արժեքը 15,000 դրամ է՝ ներառյալ հարկերը»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 24-ին  Երեւանի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքներով զբաղվող «Սանիթեք» միջազգային ընկերության գրասենյակի դիմաց «Սանիթեքի»  մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել եւ պահանջել  վճարել Ամանորի տոն օրերի աշխատանքի գումարը:

Նրանց խոսքով, հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում իրենք ձյան մաքրման աշխատանքներ են կատարել, որի դիմաց  մինչեւ հիմա մասամբ են վճարել: