Վերջին 1 ամսում դրամի փոխարժեքը համեմատաբար կայունացել է եւ տատանվում է 1դոլար/360-370 միջակայքում։ Ընդ որում՝ դրամն ավելի հեշտությամբ դեպի արժեւորման ուղղությամբ է շարժվում, քան արժեզրկման։ Հաշվի առնելով ներկա միտումները՝ ավելի հավանական է, որ փոխարժեքն իջնի 360-ից ցածր, քան բարձրանա 370-ից վեր: Սա այն դեպքում, որ մի քանի ամիս առաջ առեւտրային բանկերի մեծ մասը կանխատեսել էր (Կենտրոնական բանկի կազմակերպած հարցումների շրջանակներում), որ սեպտեմբերին փոխարժեքը 370-ից բարձր կլինի։
Դրամի ամրապնդման հիմնական պատճառն այն է, որ բանկային համակարգում կուտակվել է դոլարի ավելցուկ։ Ըստ մեր գնահատականների՝ բանկային համակարգում 400 մլն դոլարի լիկվիդայնություն կա։ Այդ զանգվածը հիմնականում կուտակվել է անցյալ տարվա սկզբին ԿԲ դոլարային ինտերվենցիաների արդյունքում, երբ գլխավոր դրամատունը անօգուտ ցանկանում էր դոլարը ֆիքսել 305-ի վրա։ Այն ենթադրությունները, թե տնտեսությունը մի քանի ամսվա ընթացքում «կմարսի» դոլարային ավելցուկը՝ չիրականացան։ Ավելին՝ Հայաստանը վերջին 1,5 տարում մոտ 2 մլրդ դոլարի վարկեր է ստացել միջազգային կառույցներից եւ օտարերկրյա պետություններից, եւ այդ միջոցմների մի մասը այս կամ այն կերպ հայտնվում է ֆինանսական համակարգում՝ նպաստելով բանկերի դոլարային լիկվիդայնության աճին։
Վերջին շրջանում բանկային համակարգում նկատվում է ավանդների ապադոլարայնացման գործընթաց, սակայն շատ դանդաղ տեմպերով։ 2010 թ. հուլիսի դրությամբ, բանկային ավանդների 72,8 տոկոսը եղել է արտարժույթով, 2009 թ. դեկտեմբերի 73,3 տոկոսի համեմատ։ Եթե ավանդների ապադոլարայնացման միտումը ավելի մեծ թափ ստանա, ապա դրամը կարող է արժեւորվել մինչեւ 1դոլար/300 դրամ մակարդակի։ Այս պահին նույնիսկ բարեբախտություն է, որ հանրապետությունում ապադոլարայնացման լուրջ գործընթաց չկա, քանի որ այն հղի է ֆինանսական լուրջ ցնցումներով։
Սամվել Ավագյան





























