Անհայտ անձինք Եմենում սպանել են ռազմական հետախուզության պետ գեներալ Ադհամ ալ Ջաարիին: Այդ մասին տեղեկացրել է արբանյակային «Al Arabiya» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով, սպայի վրա հարձակումն իրականացվել է երկրի «ժամանակավոր մայրաքաղաք» Ադեն քաղաքի Էս-Սաադայի շրջանում: Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած հանցագործության հետեւում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
2014-ի օգոստոսից Եմենում չի դադարում դիմակայությունը Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող երկրի իշխանությունների եւ շիա ապստամբների (հուսիների) միջեւ: 2015-ի հունվարին ապստամբները գրավեցին երկրի մայրաքաղաք Սանան: Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին ստիպված էր տեղափոխվել նախ Ադեն, իսկ երբ հուսիները մարտի 25-ին մտան այդ քաղաք, նա հեռացավ երկրից: Երկար ժամանակ նա ստիպված էր մնալ Էր-Ռիյադում եւ Ադեն վերադարձավ միայն նոյեմբերի կեսին: Մարտի 26-ից նրա խնդրանքով Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի եւ ԱՄԷ-ի ՌՕՈՒ-ի աջակցությամբ ռազմական գործողություն է իրականացնում ապստամբների դեմ:





























