Տասնյակ կենդանասերներ թափառող շների սպանդը Երեւանում դադարեցնելու պահանջով դիմել են Երեւանի քաղաքապետարան` առաջարկելով ոչնչացնելու փոխարեն ստերջացնել եւ տեղավորել նրանց հատուկ կացարանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հայտնեց կենդանասեր Արմինե Մանուկյանը:

 «Դիմեցինք քաղաքապետարան: Քաղաքապետարանի ոմն աշխատակից, որ իբր զբաղվում է կենդանիների հարցով, բայց բնավ չի հասկանում ինչի մասին է խոսքը, մեր դիմումին պատասխանում է` Երեւանում բնակվում է 10.000 թափառող շուն, բերեք 10.000 շան կացարանի ճարտարապետական նախագիծ, որպեսզի մենք կառուցենք»,- ասաց Արմինե Մանուկյանը:

Նրա խոսքով, կենդանասերները պատրաստակամություն են հայտնել անգամ գումար հավաքել եւ ներդրում անել կացարանի կառուցման գործում, եթե քաղաքապետարանը հաձն առնի շինարարությունը սկսել: Սակայն քաղաքապետարանի հաշվարկները` կապված թափառող շների թվի, նրանց ստերջացման եւ կացարանի կառուցման համար անհրաժեշտ գումարի հետ, զարմացրել եւ զայրացրել են նրանց:

«Մեզ ասում են` որպեսզի այդ 10.000 շանը ստերջացնենք, 105 մլն դրամ է հարկավոր, իսկ կացարանի կառուցման համար` 1 մլրդ 95 մլն դրամ: Սենց ապշեցուցիչ թվեր ասո՞ւմ են»,- նշեց Արմինե Մանուկյանը:

Վերջինն առաջարկում է Հայաստանում կիրառել եվրոպական տարբեր երկրներում ընդունված պրակտիկան` թափառող շներին բռնել-չիպավորել, տեղավորել հատուկ կացարանում, ապա հանձնել որդեգրման:

«Որդեգրման ծրագիր են իրականացնում, այսինքն`ներկայացնում են այդ շնիկներին, եթե մարդը ցանկանում է, որդեգրում է նրանց»,- նշեց նա:

Կենդանասերները դեմ չեն նաեւ տուրքեր վճարել ընտանի կենդանիներ պահելու համար` սակայն մի պայմանով` եթե դրանք ուղղվեն կացարանի կառուցմանն ու թափառող շների ստերջացմանը, ոչ թե` ոչնչացմանը:

«Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար Եվրոպայում մինչեւ 25000 եվրո տուգանք է գրվում, մինչեւ 3 տարի ազատազրկում է հասնում: Մեզ մոտ ընդհանրապես չկա նման օրենք: Չենք ուզում, որ նրանց ոչնչացնող մարդկանց դատապարտեն, բայց ուզում ենք, որ դա կպչի նրանց գրպանին, որպեսզի այլեւս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուց չտան»,- ասաց Արմինե Մանուկյանը: