Գողության մեջ մեղադրվող Արտաշատի 21-ամյա բնակիչ Նարեկ Վարդանյանին Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման:

Նարեկ Վարդանյանը  2015թ. հուլիսի վերջին Արտաշատում գտնվող   արտադրամասերից  մեկի  ճաղավանդակի վրայից անցնելով, ապա պատուհանից ապօրինի մուտք  գործելով  ռադիոհովացուցիչներ եւ  ռադիոսարքավորումների դետալներ է գողացել`  դրանք մետաղի ընդունման որևէ կետում վաճառելու նպատակով: Նարեկը գողոնը թաքցրել է  արտադրամասի ճաշասենյակում, սակայն այդ պահին նկատելով փողոցով անցնող մարդկանց` դրանք թողել է այնտեղ ու հեռացել: Այնուհետեւ  վերադարձել է արտադրամասի ճաշասենյակ` գործն ավարտին հասցնելու նպատակով, սակայն տեղում բռնվել է ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից:

Նշենք, որ Նարեկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ  34-177 հոդվածի 1 եւ 2 մասով` Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը, զգալի չափերով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: